Հայաստանի տարածքային զարգացման անհամաչափությունները մտահոգում են վարչապետին
Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձավ մարզպետների աշխատանքի արդյունավետության գնահատման կարգին և հանձնարարարան տվեց տարածքային կառավարման և զարգացման նախարարին:
Նա նշեց, որ Հայաստանի տարածքային զարգացման անհամաչափությունները մեր առաջ կանգնած կարևորագույն մարտահրավերներից են:
«Մենք պատրաստ ենք խրախուսել տեղական մակարդակում ենթակառուցվածքների տնտեսական զարգացման ծրագրերը, ավելին՝ ուղղակի օժանդակել կամ մասնակցել դրանց իրագործմանը պայմանով, որ տեղական և տարածքային իշխանությունները դրսևորեն բավարար նախաձեռնողականություն սեփական ռեսուրսները մոբիլիզացնելու և արդյունավետ գործունություն ծավալելու հարցում»,-ասաց կառավարության ղեկավարը:
Կ. Կարապետյանի խոսքով, 2017 թվականի տեղական բյուջեների պլանավորման գործընթացում տեղական իշխանություններն ավելի հավակնոտ գտնվեցին, արդյունքում սեփական եկամուտների մասով պլանային ցուցանիշը, առանց Երևանի, ավելացել է 17,3 տոկոսով: Նրա խոսքով, հուսադրող է նաև 2017 թ. սեփական եկամուտների հավաքագրման կիսամյակների ցուցանիշները. անցած տարվա կիսամյակային փաստացի հավաքագրման ցուցանիշը գերազանցել է շուրջ 950 միլիոն դրամով:
Նա նշեց, որ իրենց կողմից իրականացված ուսումնասիրությունների, մարզային, համայքային բազմաթիվ այցելությունների, քննարկումների արդյունքում վեր են հանվել մի շարք ընդհանուր խնդիրներ, որոնք պահանջում են արդյունավետ և արագ լուծումներ:
«Մասնավորապես, արմատական վերանայման կարիքներ ունեն տեղական բյուջեների սեփական եկամուտների պլանավորման և կատարման գործառույթները: Այս միջոցների հաշվին է նաև, որ տեղական ինքնակառավարման մարմինները բնակիչներին պետք է տրամադրեն իրենց լիազորությունների շրջանակում բավարար ծավալի ու որակի ծառայություններ, ձևավորեն բնակավայրերում բարվոք կենսամիջավայր»,- ասաց կառավարության ղեկավարը:
Նա նշեց, որ էական անհամաչափություններ արձանագրվում են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ինչպես ծառայությունների համադրելի ֆիզիկական ծավալներում, այնպես էլ այդ ծառայությունների համար իրականացվող ծախսերում:
«Օրինակ, մեկ շնչի հաշվով հաշվարկային սեփական եկամուտները՝ ըստ մարզերի, տատանվում են 5,6 հազար դրամից մինչև 11,5 հազար դրամ: Ծախսերի մասով. նույն համայնքում տարբեր նախադպրոցական ուսումնական հաստատություններում խմբերի քանակը, խտությունը, հաստիքները, աշխատավարձերը և սննդի ծախսերն էապես տարբերվում են այլ հավասար պայմանների դեպքում:
Էական տարբերություններ են արձանագրվում նաև հանրակրթության բնագավառում: Այսօրվա կառուցվածքի արդյունքում մեկ աշակերտի բերված ֆինանսավորումը տատանվում է 129 հազար դրամից մինչև 5,5 միլիոն դրամ, այստեղ լուրջ քայլեր պետք է իրականացնել կրթության անհրաժեշտ որակը բոլոր դպրոցներում ապահովելու համար:
Գրեթե բոլոր մարզերում աղբահանության և սանմաքրման աշխատանքների ուղղված ընդհանուր ծախսերը գերազանցել են հավաքագրված գումարները, կան մարզեր, որտեղ հավաքագրած գումարների կշիռն ընդհանուր ծախսերի մեջ կազմում է 25 տոկոս:
Ընդ որում՝ շատ մեծ անհամաչափություն է նկատվում մեկ իրավաբանական անձի հաշվով հավաքագրված գումարները: Մարզերում նշված ցուցանիշը տատանվում է 284 դրամից մինչև 1586 դրամը, 5,5 անգամ տարբերություն: Իրավաբանական անձանցից աղբահանության իրականացման կնքված պայմանագրերի ցուցանիշը տատանվում է 5 տոկոսից մինչև 30 տոկոս: Մենք մարզ չունենք, որ հարյուր կամ ութսուն տոկոս իրավաբանական անձերի հետ պայմանագիր է ստորագրել»,-ասաց նա:
Ներկայացնելով կոնկրետ խնդիրներ՝ վարչապետն ընդգծեց, որ դրանց լուծման գործընթացում առանցքային դերակատարում ունեն մարզպետները և իրենց կողմից իրականացվող գործողությունների արդյունավետությունը:
Կ. Կարապետյանը տարածքային կառավարման և զարգացման նախարարին հանձնարարեց մեկամսյա ժամկետում մշակել, ներկայացնել մարզպետների աշխատանքների արդյունավետության տարեկան գնահատման կարգի նախագիծը՝ գնահատման հիմնական ցուցանիշները դիտարկելով մարզում կատարված ներդրումների ծավալը, ստեղծված նոր աշխատատեղերը, առողջապահական կազմակերպությունների տարեկան բյուջեի մեջ վճարովի ծառայությունների տեսակարար կշիռը, աղքատության շեմից ցածր գտնվող ընտանիքների թվի տեսակարար կշիռը մարզի ընտանիքների ընդհանուր թվի մեջ, համայնք-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում իրականացված ծրագրերը, աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտում կատարված աշխատանքները, համապատասխան ցուցանիշներ կրթական հաստատություններում և այլն:
«Մենք ունենք մարզերի անձնագիր, որտեղ 69 հայտանիշով գնահատվում է մարզը և դա աշխատում է: Տարածքային կառավարման նախարարության հետ համատեղ տարբերակ ենք քննարկել և կներկայացնենք հաստատման՝ 11 խոշոր հայտանիշներով տարվա վերջին գնահատել մարզային թիմերի աշխատանքի արդյունավետությունը»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են