Գործադիրն ընդունեց ծխելու դեմ պայքարի ռազմավարությունը
Կառավարության նիստում հավանության արժանացավ ծխելու դեմ պայքարի ռազմավարությանը և այդ ռազմավարության 2017-2020 թվականների միջոցառումների ծրագիրը:
Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ասաց, որ նպատակն է ձեռնարկել միջոցներ ուղղված ծխախոտի օգտագործման և սպառման նվազեցմանը, պահպանել բնակչության առողջությունը՝ պաշտպանելով ծխախոտի ծխի երկրորդական ազդեցությունից, նվազեցնել ոչ վարակիչ հիվանդությունների հիվանդացության ցուցանիշները:
Նախարարը ներկայացմամբ՝ ռազմավարությամբ իրականացվող միջոցառումների ակնկալվող արդյունքներն են՝ ծխախոտի օգտագործման տարածվածության (տարեկան 1,5-2 %-ով) նվազեցում, 15 և բարձր տարիքի տղամարդկանց շրջանում ծխախոտի օգտագործման տարածվածության ընթացիկ ցուցանիշի հարաբերական կրճատում մինչև 10%-ով, երկրորդային ծխի ազդեցության նվազեցում, որը կնպաստի արյան շրջանառության համակարգի հիվանդություններից, չարորակ նորագոյացություններից, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություններից և շաքարային դիաբետից ընդհանուր և վաղաժամ մահացության կրճատում 5%-ով:
Լ. Ալթունյանի կողմից նախագիծը ներկայացվելուց հետո վարչապետն արձագանքեց. «Ընենց որ, քիչ ծխեք»: