Անի այցելողների թիվը կրկնապատկվել է
Անիի ավերակները, որոնք ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանագության ցանկում, իրենց վրա են կենտրոնացնում թե մասնագետների, թե զբոսաշրջիկների ուշադրությունը: asbarez.com-ը՝ հղում անելով «Մարմարա»-ին, գրում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ընդգրկվելուց հետո զբոսաշրջիկների թիվը Անի կրկնապատկվել է:
Մասնագետների խոսքերով, Անին իսկապես համաշխարհային ժառանգություն է ու մեծ կարևորություն ունի Կարսի և շրջակայքի համար, ուստի ծրագրվում է այս վայրը մեկ-երկու տարվա ընթացքում առավել բարեկարգել:
Միջնադարյան Հայաստանի Անի մայրաքաղաքն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում 2016 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային ժառանգության կոմիտեի 40-րդ նիստում ընդունված որոշմամբ:
Անիի մասին առաջին հիշատակումները թվագրվում են վաղ միջնադարին՝ 5-րդ դարին՝ որպես Կամսարական իշխանական տան ամրոցներից մեկը։ Հայ մատենագիրներից այդ մասին են վկայում Եղիշեն ու Ղազար Փարպեցի։ 961-1045 թվականներին Անին Բագրատունիների թագավորության մայրաքաղաքն էր։ Անին հայտնի է որպես «հազար ու մի եկեղեցիների քաղաք», որոնցից առավել հայտնի էր կաթողիկոսանիստ Մայր տաճարը։
Անին լքվել է 1319 թվականի երկրաշարժից հետո։ Ավանդությունը Անի քաղաքի վերջնական ամայացումը կապում է 1319 թվականի երկրաշարժի հետ, սակայն Երևանի արձանագրություններից մեկում անեցի Շաբայդինը 1364 թվականին անիծում է Անին քանդողներին։ 14-15-րդ դարերում կտրված դրամները նույնպես ապացուցում են, որ կյանքը քաղաքում շարունակվել է։ 16-րդ դարում Անին արդեն փոքրիկ գյուղ էր։ Ըստ երևույթին, քաղաքին մեծ հարված էին հասցրել Լենկթեմուրի արշավանքները։ 18-րդ դարում Անին ավերակների կույտ էր և պատկանում էր թուրք բեկերին։ 1878 թվականին այն անցավ Ռուսաստանին։ 1920 թվականի Ալեքսանդրապոլի պայմանագրով Անին հանձնվել է Թուրքիային։
Հարակից հրապարակումներ`
- Անին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում
- Անիի Մայր Տաճարի ու Ամենափրկիչ եկեղեցու վերականգնումը մինչ այս պահը լավ է ընթանում. Գյուրջյան
- Անիի եկեղեցիների վերականգնողական աշխատանքներին մասնակցելու են նաև հայ մասնագետներ
- Գ. Գյուրջյան. Անիի հայկական եկեղեցիներում այս տարի վերականգնողական աշխատանքներ չեն իրականացվել
- Թուրքիան Անին ընդգրկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային հուշարձանների ցանկում ներգրավելու նախնական ցուցակում