Շամիրամում սպանությունների մեջ կասկածվողի տանը հայտնաբերվել է ատրճանակ և հրացան
Շամիրամ գյուղում 4 հոգու սպանության մեջ կասկածվող Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ, 1967 թ. ծնված Թելման Քալաշյանի տանը հայտնաբերվել է «ՏՏ» տիպի ատրճանակ՝ պահունակով, «ԻԺ-18ե» տիպի մեկփողանի ողորկափող որսորդական չհաշվառված հրացան:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են. «Օգոստոսի 1-ին, ժամը 10.40-ին ոստիկանության Աշտարակի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Շամիրամ գյուղի գերեզմանատանը կից սգո սրահում կրակոցներ են հնչել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ անհայտ անձը մտել է նշված սրահի տարածք և կրակ բացել այնտեղ գտնվողների վրա:
Կրակոցների հետևանքով զոհվել էր 3 մարդ, վիրավորվել՝ 5-ը: Մեկ քաղաքացի էլ ժամեր անց մահացել էր «Արմենիա» բժշկական կենտրոնում:
Կրակողը դեպքի վայրից դիմել էր փախուստի: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է նրա ինքնությունը՝ Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ, 1967 թ. ծնված Թելման Քալաշյան:
Պարզվել է նաև, որ Քալաշյանն օգտագործել է «Սայգա» տեսակի, իր անվանբ օրինական գրանցված որսորդական հրացան:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական հետագա միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Թելման Քալաշյանը հանցանքը կատարելուց հետո Շամիրամ գյուղի սկզբնամասից դիմել է փախուստի հորեղբոր` 1950 թ. ծնված Քյարամ Քալաշյանի օգնությամբ՝ վերջինիս վարած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով:
Ոստիկանության ծառայողների կողմից հարազատների շրջանում անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ՝ Քյարամ Քալաշյանը օգոստոսի 2-ին, ժամը 13.30-ին, ինքնակամ ներկայացել է ոստիկանության Աշտարակի բաժին, ձերբակալվել և տեղափոխվել ՁՊՎ:
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Բաղրամյանի բաժնի ծառայողների կողմից օգոստոսի 2-ին, ժամը 17.50-ին, խուզարկություն է կատարվել Թելման Քալաշյանի՝ Մյասնիկյան գյուղում գտնվող տանը և օժանդակ շինություններում. հյուրասենյակի բազմոցի դարակից հայտնաբերվել և առգրավվել է «ՏՏ» տիպի ատրճանակ՝ պահունակով, լիցքավորված 7,62 մմ տ/չ 8 փամփուշտով, իսկ տանը կից թոնրատնից՝ «ԻԺ-18ե» տիպի մեկփողանի ողորկափող որսորդական չհաշվառված հրացան»:
Հաղորդվում է, որ Թելման Քալաշյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի (Սպանությունը) 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերի, 235 հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի և 34-104 հոդվածի (Սպանության փորձ)1-ին մասի մեղադրանքներով: Նախաքննությունը շարունակվում է:
Հարակից հրապարակումներ`
- Հետախուզվում է Շամիրամում սպանությունների մեջ կասկածվողը
- Շամիրամ եզդիաբնակ համայնքում օրերս տեղի ունեցածը պատիվ չի բերում. Ռուստամ Մախմուդյան
- Շամիրամում տեղի ունեցած սպանությունների գործով մեկ անձ ձերբակալվել է
- Շամիրամում կրակոցներից մյուս տուժածների կյանքին վտանգ չի սպառնում
- Շամիրամում 4 անձի սպանության փաստով հարուցվել է քրեական գործ
- Շամիրամում կրակոցներից վիրավորված 8-ից 3-ին տեղափոխել են Երևան
- Շամիրամ գյուղի գերեզմանատանը հնչած կրակոցների հետևանքով զոհվել է 3 մարդ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան