Իրականում Եվրոպան դեմ չէ ՌԴ-ի նկատմամբ ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցներին.Ստյոպա Սաֆարյան
Եվրոպական ընկերությունները կարող էին հրաժարվել ԱՄՆ-ից հեղուկ գազի գնումից՝ ի պատասխան ՌԴ-ի դեմ ամերիկյան կառավարության պատժամիջոցների։ Այսպիսի առաջարկով է հանդես եկել Ֆրանսիայի Սենատի անդամ Իվ Պացցո դի Բորգոն, ում կարծիքով Մոսկվայի դեմ Վաշինգտոնի գործողությունները բացատրվում են այլ երկրներ արտահանմանը զարկ տալու ցանկությամբ՝ քաղաքականությունն օգտագործելով որպես առիթ։
Թե ինչու է Եվրոպան, Ռուսատանի հանդեպ պատժամիջոցներ կիրառելով հանդերձ, ծանր տանում Միացյալ նահանգների կողմից գործադրվող սանկցիաները՝ Panorama.am-ի թղթակիցը զրուցեց Միջազգային և անվտանգության hարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանի հետ։
«Եվրոպան բուռն է արձագանքում Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցներին, քանի որ գազամուղների ոլորտում տեխնոլոգիաներ տրամադրելու գործում մատակարարների դերում երբեմն հանդես են գալիս հենց եվրոպական ընկերությունները։ Հետևաբար, Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից տուժում են նաև եվրոպական ընկերություններ, և թերևս սա է պատճառը, որ եթե պատժամիջոցների թիրախն անուղղակիորեն վերաբերում է եվրոպական ընկերություններին, Եվրոպայում նման սանկցիաները չեն կարող ողջունվել։
Բայց Եվրոպան ստիպված է այդ ամենի հետ համակերպվել, և որքան էլ տնտեսական կորուստներ և անշահավետ իրավիճակնր ստեղծվեն, մինևնույն է, գլոբալ առումով Եվրոպայի համար անվտանգությունը գերակա է։ Ի վերջո, տրանսատլանտյան հանրության շրջանում Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև տարաձայնությունները հարթվում են»,- նշեց վերլուծաբանը։
Ստյոպա Սաֆարյանի խոսքով, իրականում Եվրոպան դեմ չէ ՌԴ-ի նկատմամբ ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցներին, հակառակը, որոշ ժամանակ առաջ նույնիսկ մտավախություն ուներ, որ Միացյալ նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կվերացնի պատժամիջոցները, և եվրոպական սանկցիաներն անիմաստ կդառնան։
Հարակից հրապարակումներ`
- Չեռնոգորիան, Ալբանիան, Նորվեգիան և Ուկրաինան երկարաձգել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցները
- Թրամփը մտադիր է ստորագրել ՌԴ-ի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ փաստաթուղթը
- ԱՄՆ պատժամիջոցներից հետո Ռուսաստանում տնտեսության վիճակը կվատանա. քաղաքագետ
- Մոսկվան կպատասխանի ԱՄՆ նոր պատժամիջոցներին
- Կրեմլը խոստացել է պատասխանել Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցներին