ԱԱ. Այսօր Հայաստանի երեք ըմբիշները դուրս են մնացել մեդալի համար պայքարից
Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում այսօր մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականի երեք ըմբիշներին էլ չի հաջողվել պայքարել մեդալի համար:
ՀԱՕԿ-ի կայքից տեղեկանում ենք, որ Աշոտ Մխիթարյանը (50 կգ քաշային կարգ) առաջին գոտեմարտում` 1/8 եզրափակչում, պարտվեց ղազախ Ալպամիս Դաստանբեկին, Հրաչյա Պողոսյանը (60 կգ) որակավորման փուլում համառ և հավասար պայքարում զիջել է Եգիպտոսի ներկայացուցիչ Հասան Ահմեդ Մոհամեդին:
Արման Բաղդասարյանը (74 կգ) մեկնարկային գոտեմարտում հաղթել է բելառուս Եվգենի Յուրովին, սակայն 1/8 եզրափակչում զիջել Իրանի ներկայացուցիչ Մոհամադ Շորբի Նեյազիին:
Հայ ըմբիշներին հաղթողները հետագայում չեն հասել եզրափակիչ և Հայաստանի հավաքականի ըմբիշները սփոփիչ գոտեմարտերի հնարավորություն չեն ստացել: