«Քուր ջան, ձեռ չի տալիս, տաքսի նստի». ամառային տապը և երթուղայինների ագրեսիվ վարորդները
Մեր օրերում ագրեսիայի պակաս չկա։ Այն ամենուր է. տհաճ այդ երևույթին կարող ես հանդիպել ամեն քայլափոխի՝ խանութում, տոմսարկղի մոտ սպասելիս և, իհարկե, հասարակական տրանսպորտում։ Մնում է միայն հասկանալ, որ ագրեսիա դրսևորողներից ոմանց խառնվածքն է այդպիսին, ոմանք էլ ագրսիվ դառնում են հանգամանքների բերումով։
Այսօր, թերևս, խոսենք երկրորդ խումբ մարդկանց մասին։ Հավանաբար կհամաձայնեք, որ խմբում իրենց պատվավոր տեղն են զբաղեցնում երթուղայինների վարորդները (իհարկե, սխալ կլինի բոլորին ընդհանրացնել)։ Վերջիններս ընդգծված ագրեսիվ վարք դրսորում են հատկապես ամռան շոգ ամիսներին։ Տապը հաճախ նպաստող հանգամանք է դառնում, որ չսափրված, ծխող և մայրաքաղաքի բանուկ փողոցներում երբեմն իրենց ավտոարշավորդ պատկերացնող երթուղայինների վարորդները ագրեսիվ նայվածքով մի երկու թունոտ բառ նետեն ուղևորին։ Եվ սա միայն այն բանի համար, որ քաղաքացին հարգալից խնդրում է շոգին կանգառում ժամանակ չսպանել, չծխել կամ մի փոքր դանդաղ վարել։ Անմիջապես հետևում է հայտնի պատասխանը.«Քուր ջան, ձեռ չի տալիս, տաքսի նստի։ Հերիք չի նստել ես, մի հատ էլ վրես մունաթ ես գալիս»։
Առավել հետևողականները պաշտպանում են իրենց իրավունքները, կռվարար վարորդների հետ «հավես չունեցողները»՝ լռում, ստիպված զսպում իրենց՝ շարունակելով լսել ագրեսիվ վարորդի փնթփնթոցները։
Հիշում եմ՝ հասարակական տրանսպորտում վերը նկարագրված տեսակ վարորդի հետ մի անգամ էլ ինձ «բախտ վիճակվեց» բախվել։ Երթուղայինով տուն վերադառնալիս, երբ երիտասարդ վարորդը մի քանի անգամ հազիվ խուսափեց մեքենաներին հարվածելուց, համբերությունս կորցրեցի ու հարցրեցի` չի՞ հասկանում, որ պետք է հանգիստ վարի, կանգնած բազմաթիվ մարդկանց է տեղափոխում:
Պատասխանը չուշացավ` կատաղությունից փրփրած-կարմրած վարորդը նետեց. «Անհասկը դու ես, արա։ Էս շոգին հազիվ եմ քշում, էկել, բան ես սովորացնում»: Իջնելիս, իհարկե, չվճարեցի սահմանված 100 դրամ ուղևարձը, ու ասացի, որ չեմ վճարում իր այլանդակ պահվածքի համար: Կնոջ հետ խոսել սովորելու ու «արա»-ով չդիմելու խորհրդից հետո հանգիստ իջա երթուղայինից ու ճանապարհս շարունակեցի:
Միջադեպի մասին տեղյակ պահեցի Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին, ում հանձնարարությամբ անշնորհք պահվածքով վարորդը և նրա տնօրենը հրավիրվեցին «Երևանտրանս» ՓԲԸ: Որքան էլ վարորդն իր վերադասների ներկայությամբ փորձեց հերքել, որ ինքն ուղևորին «արա»-ով է դիմել, վերջիններս չհավատացին նրան` նշելով, որ շատ լավ գիտեն վարորդների մեծամասնության բառապաշարը:
Ինչևէ, երիտասարդն իր անտաշ պահվածքի և թույլ տված արտահայտության համար ներողություն խնդրեց։ Վարորդի վերադասների հարցին՝ կցանկանա՞մ, որ նա իր անհարիր պահվածքի համար հեռացվի աշխատանքից, ասացի, որ ամենաքիչը դա եմ ցանկանում, չեմ ուզում այդ երիտասարդին զրկել օրվա ապրուստից:
Հ.Գ. Շոգն իսկապես ավելի ագրեսիվ է դարձնում մարդկանց։ Վիճակագրության համաձայն, եթե օդի ջերմաստիճանը յուրաքանչյուր տարի բարձրանա 2 աստիճանով, մարդկանց ագրեսիվ վարքի դեպքերը տարեկան կավելանան 50 հազարով։ Եթե տրորես արևի տակ գտնվող մարդու ոտքը, կոպտես հերթի մեջ կամ չվճարես աշխատավարձը, նա առավել կտրուկ կարձագանքի, քան հարմարավետ պայմաններում գտնվող քաղաքացին։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում