Իսկական սթրիթ արթը արվում է թաքուն վայրերում
«Այո, սթրիթ արթը պետք է բողոք, սոցիալական շեշտ պարունակի իր մեջ: Այն, ինչ այստեղ են անում, հաստատ սթրիթ արթ չէ»,- Panorama.am-ին ասաց գեղանկարիչ Պետո Պողոսյանը:
Նրա խոսքով, ժամանակը ցույց կտա՝ կզարգանա սթրիթ արթը Հայաստանում, թե ոչ:
Ճարտարապետ Տաթևիկ Զաքարյանը նույն կարծիքը հայտնեց, որ սթրիթ արթը ստեղծվել է որպես բողոքի արտահայտման միջոց, ապա շարունակեց. «Բայց ինչպես արվեստի ամեն ճյուղ, ժամանակի հետ զարգացել է և վերափոխվել։ Դա միայն հայաստանյան խնդիր չէ։ Իսկ տերմինը անգլերենից եթե թարգմանենք, ապա կլինի «փողոցի արվեստ»։ Բնական է, ժամանակի հետ այն պետք է ունենա իր հայկական անվանումը, իսկ թե ինչ կլինի՝ նկարազարդում, թե ուրիշ մի բան, թող մասնագետները մտածեն։ Անկախ անվանումից, փողոցային արվեստով քաղաքը պատելու նպատակահարմարությունը կախված է առաջին հերթին այն միջավայրից, որտեղ այն գտնվելու է և բուն «նկարի» որակից։ Աշխարհում կան բազմաթիվ շատ լավ օրինակներ»։
Ընդունված է համարել, որ գրաֆիտին կամ սթրիթ արթը բողոքի արտահայտման միջոց է, արվեստի այդ տեսակի միջոցով բարձրացվում են հասարակությանը հուզող խնդիրներ:
arvestagir.am կայքում արվեստաբան Հասմիկ Բարխուդարյանը գրել է. «Սթրիթ արթն ի սկզբանե խնդիրներ բարձրացնող, խնդիրները հանրայնացնող արվեստ է: Բացի այն, որ սթրիթ արթը օրենքով արգելված է` որպես վանդալիզմի ակտ ճարտարապետական կառույցի հանդեպ, այն նաև շատ հաճախ իր բովանդակության տեսանկյունից չի ընդունվում տվյալ երկրի իշխանությունների կողմից, քանի որ բարձրաձայնում է կարևոր ու ցավոտ սոցիալ-քաղաքական, մշակութային հարցեր: Ըստ էության, սթրիթ արթը արվում է թաքուն, արգելված վայրերում, այն պետք է պարունակի որոշակի ուղերձ, և որպես կանոն նման արվեստը շատ կարճ կյանք է ունենում, իսկ այնպիսի հայտնի ու արվեստում արդեն դասական դարձած ստրիթ արտիստներ` ինչպիսիք են օրինակ Բենքսին, Բլեք լե Ռաթը և այլոք, մինչ օրս թաքնվում են ու չեն հանրայնացնում իրենց անձը` հստակ գիտակցելով իրենց պատասխանատվությունը»:
Մեզ հետ զրույցում Հասմիկ Բարխուդարյանը պատասխանելով հարցին, թե հայկական այսօրվա սթրթի արթը ինչպե՞ս կբնութագրեք՝ որպես բուն արվեստի տեսա՞կ, թե՞ նկարազարդում կամ գունազարդում, ասաց. «Օրինակ, Երևանի դալանները նկարազարդում են, ինչը բարեկարգման խնդիր է լուծում, բարեկարգման նպատակով է արվում, նորմալ է, չի հավակնում լինել սթրիթ արթ: Բայց երբ ասում ենք՝ սրթի արթ ենք անում, գրաֆիտի, բայց արածն իր բովանդակությամբ չի համապատասխանում սթրիթ արթին որպես արվեստի ուղղություն, որը բավական ժամանակ ամբողջ աշխարհում կա, լավ չէ, խոսում է այն մասին, որ նախ անողը չի հասկանում՝ ինչ է անում, նաև խոսում է այն մասին, որ մարդն ուղղակի իր առջև հայտնի լինելու խնդիր է դրել: Այսինքն՝ թեմա է վերցրել, որը բոլորին հուզում է, կարող է հայրենասիրական բաներ արթնացնել մարդկանց մեջ, դրանով ինքը զուտ որպես նկարիչ փորձում է հայտնի դառնալ, այսինքն՝ որպես սթրիթ արթ առանձնապես չի անում»:
Հարակից հրապարակումներ`
- Սթրիթ ա՞րտ, թե՞ նկարազարդում
- Սթրիթ արթի միջոցով գեղեցկացնում են Հայաստանի համայնքների զբոսաշրջային վայրերը