Բյուրականի աստղադիտարանը հայրենիք է բերել 18-ամյա Մերիին
Բյուրականի աստղադիտարանի ամառային դպրոցը գիտությամբ հետաքրքրված դպրոցականներին հնարավորության է տալիս շփվել համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականների հետ, լսել նրանց դասախոսությունները, և որ ամենահետաքրքիրն է՝ ծանոթանալ աստղագիտական գործիքներին ու տարածաշրջանի ամենամեծ դիտակին։
Բյուրականի աստղադիտարանն այս անգամ հայրենիք է բերել Շվեդիայում բնակվող 18-ամյա Մերի Սարգսյանին, ով պատրաստվում է աստղաֆիզիկոս դառնալ։
«Ուրախ եմ, որ կարողացա գալ Հայաստան ու այդ մի քանի օրն անցկացնել Բյուրականում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Մերին, ով բացի Հայաստանից ու Շվեդիայից, Մոսկվայում ևս հնարավորություն է ունեցել շփվել ոլորտի գիտնականների հետ։
Մերին պատմեց, որ մինչև յոթերորդ դասարանը սովորել է Երևանում, այնուհետև ընտանիքով տեղափոխվել են Շվեդիա, որտեղ էլ արդեն հստակ որոշում է կայացրել հետագա իր մասնագիտական ընտրության։
«Եկել եմ Հայաստան՝ մեր գիտությանը ծանոթանալու։ Բյուրականում հնարավորություն ունեցա տեսնելու, թե ինչպես են գիտնականներն աշխատում, զրուցեցի նրանց հետ, մասնակցեցի դրսից ժամանած գիտնականների դասախություններին։ Այդ շփումից հետո ինձ ավելի ինքնավստահ զգացի։ Ինձ համար շատ մեծ բան էր տեսնելը այն, թե ինչպես է աստղագետն աշխատում»,- ասաց նա։
Մերին հետագա ուսումը շարունալու համար պատրաստվում է դիմել Ամերիկյան երեք հեղինակավոր բուհեր՝ Փրինսթոնի համալսարան, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ և Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտ. «Գիտեմ, որ դժվար է լինելու, բայց ամեն ինչ անում եմ, որ կարողանամ նպատակներս իրագործել։ Քննություններ կսկսեմ հանձնել հոկտեմբերից»։
Աղջիկը հավելեց, որ ինքը շարունակելու է ծրագրեր կապել հայրենիքի հետ՝ կարծիք հայտնելով, որ գիտության նկատմամբ հայ դպրոցականների մոտ սեր առաջացնելու համար այստեղի կրթական համակարգում փոփոխության կարիք կա։
«Այստեղ դպրոցներում այդքան էլ չի ներկայացվում, թե ինչքան հետաքրքրիր է գիտությունը։ Ֆիզիկայի օրենքները սովորում էինք, գալիս գնահատական ստանում, այդ պատճառով էլ սկզբում ես էլ չէի սիրում ֆիզիկան։ Շատ կարևոր կլինի ավելի հետաքրքիր ներկայացնել գիտությունն աշակերտներին»,- հավելեց նա։
Լուսանկարները տրամադրել է Մերի Սարգսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Բյուրականի աստղադիտարանը երիտասարդ կադրերի կարիք ունի. Արեգ Միքայելյան
- Բյուրականի աստղադիտարանի նորընտիր տնօրենն՝ առաջիկա անելիքների մասին
- Արեգ Միքայելյանը՝ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն
- Բյուրականի աստղադիտարանը ՀՀ գիտության այցեքարտն է ամբողջ աշխարհում. Ռ. Մարտիրոսյան
- Ամբողջությամբ վերանորոգվել է Բյուրականի 2.6 մետրանոց աստղադիտակը. Աստղադիտարանի տնօրեն
- Բացվել է Բյուրականի նորակառույց ամբուլատորիան
- Բյուրականի աստղադիտարանը հռչակվել է տարածաշրջանային աստղագիտական կենտրոն
- Բյուրականի աստղադիտարանի տնօրեն. Մեր գիտական ներուժը պահանջված է արտասահմանում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան