Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ
Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի երդման պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Թեհրանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել նախագահ Ռոհանիի հետ:
Հանդիպման սկզբում Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին հրավերն ընդունելու և երդմնակալության արարողությանը մասնակցելու համար` ընդգծելով, որ Իրանը բարձր է գնահատում իր լավ հարևան Հայաստանի Նախագահի ներկայությունը արարողությանը: Հասան Ռոհանին հույս է հայտնել, որ Հայաստանի Նախագահի այցը նոր խթան կհաղորդի երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն ու զարգացմանը` հաշվի առնելով նաև հայ-իրանական պատմամշակութային ընդհանրությունները:
Նշելով, որ ընթացիկ տարին նշանակալից է թե՛ Հայաստանում, թե՛ Իրանում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների առումով. Հայաստանը բարեփոխված Սահմանադրության համաձայն անցկացրեց խորհրդարանական ընտրություններ, իսկ Իրանի ժողովուրդն ընտրեց գործադիր իշխանության ղեկավար, տարին նշանավորվեց նաև Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության բազմադարյա պատմություն ունեցող կապերի նորագույն շրջանի՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակով, Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել, որ այս ընթացքում հաջողվել է զարգացնել և ամրապնդել փոխշահավետ համագործակցություն բոլոր ոլորտներում:
Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, երկուու երկրների նախագահները հանդիպմանը քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ հայ-իրանական տնտեսական հարաբերություններում առկա է մեծ ներուժ, որի արդյունավետ օգտագործման ուղղությամբ անհրաժեշտ է շարունակել հետևողական աշխատանքը: Նախագահների համոզմամբ, դա կնպաստի երկու երկրների միջև առևտրաշրջանառության աշխուժացմանը և ներդրումների ավելացմանը։
Նախագահները երկուստեք կարևորել են մի շարք այլ ոլորտներում իրականացվող խոշոր ծրագրերն ու նոր և հեռանկարային նախագծերի իրականացումը: Անդրադարձ է եղել հատկապես էներգետիկայի, մասնավորապես` գազի և էլեկտրաէներգետիկայի, ինչպես նաև տրանսպորտի և հաղորդակցության բնագավառներում, այդ թվում` Հայաստանի և Իրանի տարածքներով Պարսից ծոցը Սև ծովի հետ կապող միջազգային տրանսպորտային և տարանցիկ ուղիների օգտագործման կարևորությանը: Կարևորվել է նաև գազի և էներգետիկայի ոլորտներում եռակողմ` Իրան-Հայաստան-Թուրքմենստան ձևաչափով համագործակցության զարգացումը:
Կողմերը կարևորել են Իրանի Իսլամական Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները: Իրանի նախագահը նշել է, որ մինչ այժմ այդ ուղղությամբ զգալի քայլեր են իրականացվել և ընդգծել է, որ մոտ ապագայում համաձայնագրի ստորագրումը բավականին արդյունավետ կլինի:
Հասան Ռոհանին բարձր է գնահատել Հայաստանի կողմից նախաձեռնված` երկու երկրների միջև ելքի և մուտքի արտոնագրերի չեղարկումը, որը գործարար կապերի ընդլայնման, տնտեսական գործունեության և ներդրումային ու զբոսաշրջության խթանման տեսանկյունից կարևոր ու արդյունավետ քայլ էր: Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներին, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացին: Նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է այդ գործընթացի ներկա վիճակն ու Հայաստանի դիրքորոշումը` հակամարտությունը բանակցությունների միջոցով ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում խաղաղ ճանապարհով լուծելու վերաբերյալ:
Իրանի նախագահն ընդգծել է, որ ԼՂ հակամարտության լուծումը կարող է լինել բացառապես քաղաքական ճանապարհով, և իր երկրի համար կարևոր է տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը՚:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները