Վարչապետ. Թափոնների կառավարման ոլորտում կառավարությունն ունի հստակ ռազմավարություն
Global Reservers Management ընկերության գործադիր տնօրեն Ռոբերտ Ուիթֆիլդիի հետ հանդիպմանը վարչապետ Կարեն Կարապետյանը քննարկել է Հայաստանում աղբի վերամշակման գործարանի կառուցման ներդրումային ծրագրի իրականացման հնարավորություններն ու հետագա քայլերը:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, վարչապետը նշել է, որ թափոնների կառավարման ոլորտում կառավարությունն ունի հստակ ռազմավարություն և հետևողականորեն իրականացնելու է այն:
Կարեն Կարապետյանը ողջունել է մեր երկրում աղբի վերամշակման ծրագիր իրականացնելու ընկերության շահագրգռվածությունը և հայտնել կառավարության պատրաստակամությունը՝ ցուցաբերելու անհրաժեշտ տեխնիկական օժանդակություն:
Ռոբերտ Ուիթֆիլդը վարչապետին է ներկայացրել իր գլխավորած ընկերության գործունեությունն աղբի վերամշակման ոլորտում: Կողմերը պայմանավորվել են ծրագրի ուղղությամբ նախնական գնահատական կազմելու նպատակով առաջիկայում իրականացնել անհրաժեշտ ուսումնասիրություններ, այնուհետև դրանց հիման վրա շարժվել առաջ: