Թբիլիսիում Թումանյանի տունը վերստին բացել է իր դռները
Հովհաննես Թումանյանի թբիլիսյան վերջին բնակարանում` Ամաղլեբա փողոցի թիվ 18 տանը կայացել է «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնի բացումը՝ նոր էջ դառնալով հայ-վրացական մշակութային կապերի տարեգրությունում:
«Հիրավի պատմական այս իրադարձության հենքը 100 –ամյա վաղեմության Մեծն Թումանյանի տան թբիլիսահայ համայնքին վերադարձն էր, որտեղ ժամանակին սիրով հյուրընկալվել են Աղայանն ու Կոմիտասը, Շիրվանզադեն, Իսահակյանը, Փափազյանը, Մառը, Իաշվիլին, Տաբիձեն, Գրիշաշվիլին, Բրյուսովը և ուրիշներ, որտեղ կազմակերպվել են գրական զրույցներ, ընթերցումներ, ասուլիսներ, տպագրված և անտիպ երկերի քննարկումներ, ուսումնասիրվել են հայ, վրաց և համաշխարհային գրականության նմուշներ»,-հայտնում են Վիրահայոց թեմից:
Վրաստանի անկախացումից հետո հայ համայնքից օտարված Ամենայն հայոց բանաստեղծի տան ճակատագիրն օրհասական էր. մասնավոր սեփականատիրոջ պատկանող չգործող գրադարանային հատված և ժառանգներին մնացած կիսափուլ բնակարան:
Թումանյանի տունն իր օրինական սեփականատիրոջը հանձնվել է Հայաստանի գրողների միության նախկին նախագահ երջանկահիշաստակ Լևոն Անանյանի ջանքերով: Ամբողջական տեսքով Վիրահայոց թեմին նվիրաբերված տան վերանորոգությունը, բարեկարգումը և կահավորումն իրականացվել է Ջինիշյան հիշատակի և IdeA հիմնադրամների ու թեմի միջոցներով:
Ըստ աղբյուրի, անճանաչելի տեսք ստացած Հովհաննես Թումանյանի տան բացման հանդիսությանը մասնակցել են Մայր Աթոռի պատվիրակությունը, պետական,քաղաքական և հասարակական գործիչներ Վրաստանից, Հայաստանից և Ռուսաստանի Դաշնությունից, թբիլիսահայ համայնքային կառույցների ղեկավարներ, մտավորականներ:
Կենտրոնի բացման արարողությունը սկսվել է հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնում Հովհաննես Թումանյանի շիրիմին ծաղկեպսակի զետեղմամբ և Վիրահայոց թեմի և Տավուշի թեմի առաջնորդների նախագահությամբ կատարված հոգեհանգստյան կարգով: