«Վերջին 10 տարում ուսանողների թիվը 110 հազարից դարձել է 85 հազար»
Հանրապետությունում միասնական քննությունների առաջին և երկրորդ փուլերի արդյունքներով հայտագրվել էր 9559 դիմորդ, որից ընդունվել են 8266-ը,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵՊՀ միջհամալսարանական կրթության վարչության պետ Վաչագան Գալստյանը։
Նրա խոսքով՝ ԵՊՀ-ի դիմորդների թիվը նվազել է մոտ 500-ով, բայց ինչպես նախորդ տարիներին, Մայր բուհի դիմորդների թիվը կազմել է ընդհանուր թվի շուրջ 30 տոկոսը։ Իսկ ԵՊՀ-ն 3000 վճարովի և 368 անվճար ու բանակի տարկետման իրավունքով տեղեր էր հայտագրել:
«Երևանի պետական համալսարանում վերջին տարիներին հատկացված տեղերից 1,5-2 անգամ ավելի ուսանողներ կան ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, մշակութաբանության, միջազգային հարաբերությունների, իրավագիտության ֆակուլտետներում, բայց ընդունվողների թիվը տարեցտարի նվազում է ֆիզմաթ և բնագիտական բաժիններում։ 1995-2008 թվականներին ֆիզմաթ և բնագիտական ֆակուլտետներում ունեցել ենք նաև հարցազրույցով ընդունելություն, որն օգնում էր համալրել թափուր տեղերը։ Հաշվի առնելով, որ մեր տնտեսության զարգացման համար շատ կարևոր է հիմնարարը գիտությունների դերը, վերջին տարիներին մենք դիմում ենք պատկան մարմիններին, որպեսզի թույլ տան հարցազրույցով ընդունելությունը վերականգնել»,- մանրամասնեց ԵՊՀ միջհամալսարանական կրթության վարչության պետը։
Հանդիպմանը ներկա Կրթության միջազգային ակադեմիայի նախագահ Անահիտ Հարությունյանը ուսանողների թվի կրճատումը առաջին հերթին կապում է բնակչության թվի սակավության, ինչպես նաև 17-18 տարի առաջ ծնելիության ցածր ցուցանիշի հետ: Նա համոզված է, որ պատճառը բուհերի վատ կամ լավ աշխատանքը չէ։
«Այս տարի Կրթության միջազգային ակադեմիայում հիմնականում պակաս չի եղել բժշկական և հումանիտար ուղղություններով։ Այս փուլում հայ շրջանավարտներին ենք ընդունում, և գրեթե նույնն է մասնագիտությունների առումով։ Բայց արդեն օգոստոսին սփյուռքահայ դիմորդների հոսքն է սկսվելու և հենց նրանց վրա էլ հույսը դնում ենք։ Կարծում եմ՝ տեղերը համալրելու առումով բոլոր բուհերն էլ հույսը դնում են արտասահմանցի ուսանողների վրա»,- նշեց նա։
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը ներկայացրեց, որ վերջին 10 տարվա ընթացքում Հայաստանում բուհերի թիվը կրճատվել է 25-ով՝ 85-ից հասնելով 60-ի, իսկ ուսանողների թիվը 110 հազարից դարձել է 85 հազար։
«Բուհերի և ուսանողների թվի նվազումը միայն ծնելիության և արտագաղթի հետ չէ կապված։ Կարևոր խնդիր է նաև այն, որ դպրոցի շրջանավարտների մոտ 60 տոկոսը մասնագիտական կողմնորոշում չունի։ Հիմնականում պահպանվում են այն մասնագիտությունները, որտեղ երեխան դեռ դպրոցում ուղղված է դրան, այցելում է համապատասխան դպրոց։ Այդ մասնագիտություններում կրճատում համարյա չի նշվում, իսկ հումանիտար առարկաներում, ինչպես նաև տնտեսագիտության դեպքում բավականին լուրջ կրճատումներ են»,- հավելեց սոցիոլոգը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները