Նիկշա Բավցևիչ. Պետք է ցույց տանք, որ հայկական բասկետբոլի զարգացումը ճիշտ ուղու վրա է
Բասկետբոլի 2019 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի Շվեդիայի նկատմամբ հաղթանակից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը լրագրողների հետ զրույցում ամփոփել է խաղի արդյունքները:
«Այս անգամ նույնպես տրիբունաները լիքը չէին: Հուսով եմ, որ Բոսնիա և Հերցեգովինայի հետ խաղում ավելի շատ երկրպագուներ կլինեն: Նախորդ խաղից հետո ես ասել էի, որ իմ թիմը, իմ տղաներն արժանի են երկրպագուների մեծ աջակցությանը: Չէ որ նրանք ամեն ինչ ներդրեցին խաղադաշտում: Տղաները խաղացին ոչ թե 70-80, այլ 100 տոկոսով, նրանցից մի քանիսը նույնիսկ 110»,-ասել է նա:
Նրա խոսքով, առաջին և երկրորդ քառորդներից գոհ չեմ, քանի որ մենք շատ ազատ խաղ թույլ տվեցինք Էրիքսոնին:
«Հետո փոխեցինք մարտավարությունը: Մեր հաջողության բանալիներից մեկը՝ տուգանայինից ներս ցուցադրած խաղն էր, երկրորդը՝ օղակից անդրաձարձող գնդակներին ավելի շատ տիրելը: Հետո երկրպագուների աջակցությունն իսկապես ֆանտաստիկ էր»,- ասել է Նիկշա Բավցևիշը:
Այս հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը գլխավորում է A խմբի մրցաշարային աղյուսակը: Մարզիչը նշել է, որ այդ ուղղությամբ չի մտածում և տղաներին նույնպես արգելել է մրցաշարային աղյուսակի մասին մտածել.
«Մենք առաջ ենք շարժվում խաղից խաղ: Պետք է կենտրոնանալ միայն առաջիկա հանդիպման վրա: Մեր խումբը բավական բարդ է: Բայց մենք պետք է ցույց տանք, որ հայկական բասկետբոլի զարգացումը ճիշտ ուղու վրա է: Այս երկու հաղթանակներով, իհարկե, ամեն ինչ ավարտված չէ: Յուրաքանչյուր թիմ կարող է հաղթել սեփական հարկի տակ: Բայց մենք պետք է հաղթենք նաև արտագնա խաղերում: Մենք մեծ խոստումներ չենք տալիս, լուռ կատարում ենք մեր աշխատանքը:
Բասկետբոլիստների նոր սերունդ ունենք: Կարծում եմ՝ մեր թիմն ամենաերիտասարդն է խմբում: Հուսով եմ, որ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն կանեն ամեն ինչ` առաջիկա 5-6 տարիներին այս սերնդին պահելու համար: Սա իսկապես կօգնի հայկական բասկետբոլին»,- եզրափակել է Բավցևիչը: