Ռուս զբոսաշրջիկին Թուրքիայի հյուրանոցում ծեծել են՝ ընկերներին լուսանկարելու համար
Թուրքիայում Ռուսաստանի քաղաքացու են ծեծել այն բանի համար, որ նա սկսել է լուսանկարել իր ընկերներին։ «Զվեզդա» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ այս մասին կինը պատմել է իր ֆեյսբուքյան էջում։
Կնոջ խոսքով՝ իր ընտանքիը ընկերացել է զբոսաշրջիկ մեկ այլ ընտանիքի հետ, և քանի որ կնոջ մոտ լավ ֆոտոխցիկ է եղել, նա համաձայնվել է նրանց լուսանկարել հանգստավայրում։ Մոսկվայի բնակչուհին պատմել է, որ լուսանկարման ժամանակ իրենց են մոտեցել ագրեսիվ տրամադրված թուրքեր և հայտարարել, որ միայն իրենք կարող են այդ հյուրանոցի տարածքում որպես լուսանկարիչ աշխատել։
Զբոսաշրջիկը փորձել է բացատրել, որ դա կոմերցիոն նկարահանում չէ և ինքը ուղղակի լուսանկարում է իր ընկերներին, սակայն ռուս կնոջ մեջ մրցակից տեսնելով՝ լուսանկարիչը փորձել է նրա նկատմամբ ֆիզիկական ուժ գործադրել։ Ծեծկռտուքի արդյունքում, որին խառնվել են լուսանկարվող ընտանիքի տղամարդը և հյուրանոցի աշխատակիցները, կինը գլխի վնասվածք է ստացել, իսկ նրան պաշտպանող տղամարդը՝ շուրթի պատռվածք։
Տուժածը հայտնել է, որ իրեն հոսպիտալացրել են միայն այն բանից հետո, երբ անձամբ ինքն է շտապօգնություն կանչել։ Ինչպես պարզաբանել է կինը, հյուրանոցի անձնակազմը չի փորձել առաջին օգնություն ցույց տալ, բայց հյուպատոսություն դիմելուց հետո առաջարկել են բարձրացնել հյուրանոցի համարի կարգը և խոստացել, որ միջադեպը հրահրողները պաշտոնապես ներողություն կխնդրեն։ Շտապ մեկնելու պատճառով կինն այդպես էլ չի փոխել համարը, իսկ ներողություն ոչ ոք այդպես էլ չի խնդրել նրանից։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան