Տատամի վրա այսօր ձյուդոիստ Յուրի Իսրայելյանն է
Չիլիի մայրաքաղաք Սանտիագոյում այսօր մեկնարկում է ձյուդոյի պատանիների աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի հավաքականը:
ՀԱՕԿ պաշտոնական էջի փոխանցմամբ, մեր պատանիները մրցավայր մեկնել են ավագ մարզիչ Հակոբ Առաքելյանի գլխավորությամբ: Մարզիչը թիմի կազմում ընդգրկել է չորս ձյուդոիստի՝ Յուրի Իսրայելյանին (50 կգ քաշային կարգ), Արտյոմ Ղալաչյանին, Տիգրան Յաղուբյանին (երկուսն էլ՝ 60 կգ) եւ Մամիկոն Ավետիսյանին (81 կգ):
Ձյուդոյի Հայաստանի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավիթ Խիթարյանը հայտնել է, որ պատանիների աշխարհի առաջնությանը հանդես գալու համար ընտրել են լավագույններին:
«Մենք հաշվի ենք առել տղաների մասնակցությունը Եվրոպայի առաջնությանը, միջազգային մրցաշարերին, եւ, թե ինչ աշխատանք են նրանք կատարել հավաքների ընթացքում: Կարծում եմ՝ գոնե մեկ մեդալ կունենանք»,- նշել է Դավիթ Խիթարյանը:
Հայ ձյուդոիստներից այսօր տատամի կմտնի Յուրի Իսրայելյանը: Նրա առաջին մրցակիցը Մոնղոլիայի ներկայացուցիչն է:
Աշխարհի առաջնությունը կշարունակվի մինչև օգոստոսի 12-ը:
Հարակից հրապարակումներ`
- Հայ ձյուդոիստը դարձել է Սուրդլիմպիկ խաղերի արծաթե մեդալակիր
- Ձյուդոիստները երկու բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի գավաթի խաղարկությունում