«Սոսե 2017»․ Ճանապարհ դեպի Հոլիվուդ
Կինոյի սիրահարներն այսուհետ հնարավորություն կունեն անցկացնել իրենց հաճելի, ուրախ և հարմարավետ ժամանցը «Սոսե» միջազգային կինոփառատոնի միջոցառումների ընթացքում: «Սոսե 2017»-ի մրցութային ծրագրում ընդգրկված ֆիլմերը ցուցադրվելու են շուրջ 2 ամիս՝ ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում: 4-րդ տարին անընդմեջ անցկացվող կինոփառատոնի ստեղծման շարժառիթների, ձեռքբերումների, առաջիկա նորությունների և ծրագրերը ներկայացրել է կինոփառատոնի հիմնադիր, տնօրեն Սիմոն Սահակյանը:
Հարց- Ի՞նչը դարձավ շարժառիթ՝ հիմնելու Հայաստանում նոր կինոփառատոն:
Պատասխան- Կարելի է ասել միակ շարժառիթը Հայաստանի և տարածաշրջանի կինոարտադրության զարգացումն է։
Չնայած մեր երկրում կատարված աշխատանքներին՝ միևնույն է ոլորտը դոփում էր տեղում. այն, ինչ գոյություն ուներ 2000 թվականին, չի փոխվել 2005, 2010 և նույնիսկ 2015 թվականներին. կինոինդուստրիան զարգացման նույն շեմին էր, ինչ 15 տարի առաջ։ Համաձայնե՛ ք, որ այս հանգամանքը բավականին լուրջ դրդապատճառ է հանդիսացել հիմնելու կինոփառատոն և փորձելու իրականացնել կինոարտադրության զարգացման մեր տեսլականը ՝ հստակ քայլեր ձեռնարկելով։
Հարց- Իսկ ո՞րն է Ձեր նշված տեսլականը, ֆիլմարտադրության և ընդհանրապես կինոյի նկատմամբ ի՞նչ հիմնական մոտեցումներ ունեք: Սոսեն, որպես միջազգային մակարդակում նոր զարգացող կինոփառատոն, համագործակցության ինչպիսի՞ հեռանկարներ կարող է ունենալ արտերկրիի հեղինակավոր կինոփառատոնների հետ:
Պատասխան- Առաջին հերթին մենք կարևորում ենք շփումը, հանդիպումները, համագործակցությունները միջազգային կինոկառույցների հետ, որոնք համոզված եմ, կնպաստեն ֆիլմարտադրության զարգացմանը։
Այս տարի մենք արդեն գրանցել ենք շատ կարևոր ձեռքբերում։ Սոսե միջազգային կինոփառատոնը Հոլիվուդյան iPitch.tv պլատֆորմի հետ կնքել է պայմանագիր՝ սահմանելով մրցանակ. 2017 թվականի բոլոր մրցանակակիրները կունենան հնարավորությունն շուրջ մեկ տարի անվճար օգտվելու iPitch.tv պլատֆորմի ծառայություններից։ Իսկ դա նշանակում է, որ նրանք կարող են իրենց գաղափարներն ու նախագծերը ներկայացնել հոլիվուդյան առաջատար պրոդյուսերներին և այնպիսի կինոկազմակերպություններին, ինչպիսիք են Warner Brothers, New Line Cinema, Echo Lake Entertainment, Sony Pictures Entertainment Television, Discovery Network և այլն։
Առաջիկայում պլանավորվում է ևս մեկ համագործակցության ամրապնդում, որը հնարավորություն կընձեռի տարածաշրջանի ֆիլմարտադրողներին համատեղ ֆիլմեր ստեղծել արևմտյան ֆիլմարտադրողների հետ։ Մանրամասները կներկայացնենք բանակցությունների ավարտի և ծրագրի մեկնարկից հետո:
Տեղեկացնեմ նաև, որ այս պահին աշխատում ենք մեկ այլ կարևոր նախագծի շուրջ, որը կրկին լուրջ ձեռքբերում կլինի տարածաշրջանի ֆիլմարտադրողների համար. նրանք հնարավորություն կունենա ներկայացնելու իրենց ֆիլմեր բազմաթիվ միջազգային կինոփառատոններում, ինչն էլ իր հերթին նոր համագործակցությունների հիմք կհանդիսանա:
Հարց- Ի՞նչ սկզբունքներով եք ընտրում ժյուրիի կազմը և մրցութային ծրագրերի ֆիլմերը:
Պատասխան- Փառատոնը հիմնելիս մեր առաջին քննարկումներից մեկը վերաբերել է ժյուրիի կազմի ընտրությանը: Որոշեցինք ունենալ միջազգային ժյուրի, որը տեղյակ կլինի միջազգային ֆիլմարտադրության տենդենցներին։ Այսպիսով ամեն տարի մենք ժյուրիի կազմում ներգրավում ենք արտերկրի կինոոլորտի մասնագետներին՝ պրոդյուսերներ, ռեժիսորներ, կինոքնադատներ, սցենարիստներ և այլք։
Նշեմ, որ նախըտրական հանձնախմբի անդամները նույնպես արտերկրից են։ Լինելով համեմատաբար երիտասարդ կինոգործիչներ՝ բավականին քաջատեղյակ են այսօրվա համաշխարհային կինոյի անցուդարձին, և հենց նրանց շնորհիվ է ձևավորվում փառատոնի մրցութային ծրագրերում մասնակցող ֆիլմերի ցանկը։
Հարց- Այս տարի ֆիլմի ներկայացման հայտերը նվազել են, ինչո՞վ եք դա պայմանավորում, և ըստ դրա ձևաչափային ի՞նչ փոփոխություններ են սպասում:
Պատասխան- Այո, ներկայացված հայտերի քանակը նվազել է նախորդ տարիների համեմատ: Միգուցե զարմանալի թվա, բայց դա մենք ձեռքբերում ենք համարում, քանի որ քանակական փոփոխության հետևանքով ֆիլմերի որակն էապես բարձրացել է։ Պատճառները երկուսն են՝ խստացրել ենք կանոնակարգը և հայտ ներկայացնելու համար վճար սահմանել։ Արդյունքում ունեցանք 300-ից ավել ֆիլմի հայտ, որից 132-ը անցան փառատոնի մրցութային ծրագրեր:
Ներկայացված ֆիլմերի մի մասը մասնակցել և մրցանակներ է ստացել միջազգային առաջատար կինոփառատոններում, իսկ մյուսները, համոզված եմ, դեռ կհասցնեն մասնակցել տարբեր կինոփառատոններում, և մենք դեռ հնարավորություն կունենանք լսելու նրանց նվաճումների մասին։
Սիրով տեղեկացնեմ, որ այս տարի մենք կունենանք որոշ ֆիլմերի միջազգային պրեմիերաներ։
Հարց- Որտե՞ղ են անկացվելու կինոդիտումները և կինոմանները, հայ կինոսերները ինչպե՞ս կարող են մասնակցություն ունենալ կինոփառատոնի կինոդիտումներին:
Պատասխան- Այս պահին չեմ ուզում բացել փակագծերը։ Կինոդիտումների ժամանակացույցը կներկայացնենք շուտով կայանալիք ասուլիսի ժամանակ: Այդ օրը կհայտարարենք նաև ժյուրիի անդամների անունները։
Կինոդիտումների օրակարգը հասանելի կլինի նաև մեր կայքում և սոցիալական ցանցերի մեր պաշտոնական էջերում։ Այնպես որ հետևե՛ ք մեր նորություններին և եկե՛ ք միասին դիտելու որակյալ ֆիլմեր և անցկացնելու հաճելի ժամանց:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները