Արցախում հիմնվել է ձեռագործ աշխատանքների սոցիալական բիզնես և վերնիսաժ
«Արցախյան արվեստի ֆորում» հիմնադրամը ներկայացնում է նոր սոցիալական բիզնես՝ ստեփանակերտյան առաջին վերնիսաժը, որտեղ կարելի է գտնել արցախցի վարպետների կողմից կավով, փայտով, թելով պատրաստված կիրառական իրեր և գեղեցիկ հուշանվերներ:
Հիմնադրամից տեղեկացնում են. «Վերնիսաժը գործում է հուլիսի 1-ից՝ նպատակ ունենալով Արցախում տարածել կիրառական արվեստի նշյալ ճյուղերը, նոր աշխատատեղեր ստեղծել Ստեփանակերտում և շրջաններում, ինչպես նաև ստեղծագործությունների ցուցադրությունների և վաճառքի միջոցով ներկայացնել արցախյան արվեստը: Հիմնադրամն այդ ամենը կազմակերպում է առանց շահույթ հետապնդելու՝ պարզապես ինքնադրսևորման և վաճառքի հարթակ տրամադրելով արցախցի վարպետներին՝ կարիքի դեպքում ապահովելով նաև վերապատրաստման հնարավորություններ: Ուստի, հրավիրում ենք բոլորին այցելել վերնիսաժ, ծանոթանալ մեր գործերին և աջակցել Արցախում այս կարևոր սոցիալական բիզնեսի կայացմանը:
Ուշագրավ է, որ, բացի հմուտ վարպետների աշխատանքների վաճառքից, մենք շաբաթական պարբերականությամբ կազմակերպում ենք նաև կավագործության և ձեռագործի բաց դասեր բոլոր ցանկացողների համար՝ տեղացիներից մինչև զբոսաշրջիկներ»: