Լոռիում կկառուցեն «Շնող» հիդրոէլեկտրակայանը
Գործադիրն այսօրվա նիստում հավանություն է տվել ՀՀ կառավարության, «Դեբեդ Հիդրո» ՍՊԸ-ի և «Հայաստանի ներդրողների ակումբ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի միջև կնքվող` Լոռու մարզում 76 ՄՎտ դրվածքային հզորությամբ «Շնող» հիդրոէլեկտրակայանի նախագծման, կառուցապատման, ֆինանսավորման, կառուցման, սեփականության իրավունքով տնօրինման, տիրապետման, շահագործման մասին շրջանակային համաձայնագրին:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, ծրագրի իրականացման նպատակով ՀՀ կառավարության և «Հայաստանի ներդրողների ակումբ»-ի միջև 2017թ. ապրիլի 13-ին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Վերջինս, առաջնորդվելով հուշագրի դրույթներով դիմել է ՀՀ կառավարությանը՝ ծրագիրն իրականացնելու առաջարկով և դրա համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ ներգրավելու նախաձեռնությամբ:
«Հայտնի է, որ Դեբեդ և Արաքս գետերի ջրային ռեսուրսները մնում են թերօգտագործված, այս ներդրումային ծրագիրը նպատակ ունի մասամբ լրացնել այդ բացը: Ծրագիրը կիրականացվի պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում: Այն «Հայաստանի ներդրողների ակումբ»-ի առաջին խոշոր ծրագիրն է, որը քննարկվել է ֆոնդի ստեղծման առաջին իսկ օրվանից՝ բավականին մանրակրկիտ»,- նշել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը՝ ավելացնելով, որ ծրագիրը համապատասխանում է բնապահպանական կազմակերպություններին ներկայացվող չափորոշիչներին:
Ծրագրի շրջանակում ներդրումային ֆոնդը համագործակցելու է արևմտյան մասնագիտացված ընկերությունների հետ: Ծրագրի ներդրումային արժեքը գնահատվում է 150-180 մլն դոլար, սակայն այն կարող է լրացուցիչ ճշգրտվել: Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի խոսքով՝ ՀԷԿ-ն իրենից կներկայացնի ժամանակակից բարդ ինժեներական կառույց, այն հագեցած կլինի ժամանակակից սարքավորումներով և բնապահպանական տեսանկյունից հնարավորինս անվտանգ: ՀԷԿ-ը կարտադրի էլեկտրաէներգիայի մեր երկրի ներքին սպառման հինգ տոկոսը: Այս ՀԷԿ-ի կառուցման և արդեն իսկ տրված լիցենզիաների շրջանակում փոքր ՀԷԿ-երի կառուցման արդյունքում մեր երկրի ներքին ռեսուրսներով արտադրվող էլեկտրաէներգիայի տեսակարար կշիռը կմոտենա 50 տոկոսի:
Ըստ Աշոտ Մանուկյանի՝ 10 տարի առաջ նույն ցուցանիշը հասնում էր 18-20 տոկոսի: Ծրագրի վերաբերյալ ստացվել է 500-ից ավելի դիտողություն և առաջարկություն, որոնց հիմնական մասն ընդունվել է:
Նախատեսվում է, որ ՀՀ կառավարությունը կաջակցի կառուցապատողին ձեռք բերել հողատարածք՝ ՀԷԿ-ի կառուցման համար: Կառուցապատողը պարտավորվում է կառուցել ՀԷԿ-ը: Կայանի կոմերցիոն շահագործման ամսաթվից 20 տարուց ոչ պակաս ժամանակահատվածում ՀՀ կառավարությունը երաշխավորում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից տարեկան 500 մլն կՎտժ էլեկտրաէներգիայի գնում:
Անդրադառնալով հարցին՝ վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ ներկայացվել է լավ և հեռանկարային ծրագիր:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան