Ռուբեն Սահակյանը փակագծերը չի բացում, Վարոսյանը չի մասնակցում
Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը չի պատասխանում լրագրողների՝ փաստաբանների պալատի նախագահի ընտրություններում իր հնարավոր մասնակցության մասին հարցերին:
«Ես չեմ պատասխանում այդ հարցին: Առանց կոմենտարիաների»,-ասաց նա:
Փաստաբանների պալատի անդամ Երվանդ Վարոսյանն էլ Panorama.am-ի հետ զրույցում ասաց, ցանկության դեպքում էլ չի կարող առաջադրվել: Սակայն այս պահին ընտրություններին մասնակցելու ցանկություն էլ չունի:
«Այն պահից սկսած, երբ ինձ համար ակնհայտ դարձավ, որ ՓՊ-ի ներկայիս ղեկավարությունը ոչ միայն իր տեղում չէ, այլև փաստաբանության համար կործանարար քաղաքականություն է վարում, ու սկսեցի այդ թվում հրապարակային քննադատել նրանց, շատերը դա վերագրեցին իմ` պալատի նախագահ դառնալու ցանկությանը։ Շատերին իմ գործունեությունն հենց այդ լույսի ներքո էլ ներկայացվել է, ընդ որում նաև մարդկանց կողմից, որոնք շատ լավ գիտեն, որ ես չեմ կարող թեկնածությունս առաջադրել, եթե անգամ նման ցանկություն ունենայի։ Բանն այն է, որ անհրաժեշտ 10 տարվա փաստաբանի պրակտիկա ես կունենամ միայն հոկտեմբերին»,-ասաց նա:
Նրա խոսքով, եթե անգամ փաստաբանական 20 տարվա գործունեություն ծավալած լիներ, միևնույն է՝ նման քայլի չէր գնա:
«Միշտ համոզված եմ եղել, որ Փաստաբանների պալատը կարող է ղեկավարել միայն կյանքի հարուստ ուղի անցած, իրեն անմնացորդ փաստաբանությանը նվիրած մարդ, ով արդեն ուզում է ավարտել փաստաբանի կարիերան ու նվիրել իրեն փաստաբաններին։ Ես փաստաբան եմ, ու կարծում եմ, որ որպես փաստաբան դեռ շատ անելիք ու ասելիք ունեմ։ Ես հրապարակել եմ ՓՊ նախագահին իմ կարծիքով, անհրաժեշտ չափանիշների հակիրճ ցանկը, և համոզված եմ, որ ինքս էլ այդ չափանիշներին համապատասխան չեմ։ Իսկ առհասարակ համոզված եմ, որ փաստաբանության համար այսօր կա փրկության երկու նախադրյալ` ՓՊ նախագահի պաշտոնի վերացումն այն տեսքով ու լիազորություններով, որ այսօր կա և փաստաբանական այլընտրանքային միավորումների ձևավորումը»,-կարծիք հայտնեց նա:
Հարցրեցինք, թե ովքեր են իր կարծիքով համապատասխանում նշված չափանիշներին: Վարոսյանը պատասխանեց.
«Չեմ ուզում իմ կարծիքը հիմա փաթաթել որևէ մեկի վզին՝ դրդելով առաջադրվել, երբ առաջադրումները կլինեն, այդ ժամանակ էլ պարզ կլինի այդ չափանիշներին համապատասխան մարդ կա՞ ցուցակում, թե՞ ոչ»:
Հիշեցնենք, որ առաջադրումները կմեկնարկեն օգոստոսի 12-ին և կշարունակվեն մինչև օգոստոսի 17-ը: Քարոզչությունը սկսվում է օգոստոսի 18-ից (ներառյալ) և ավարտվում է սեպտեմբերի 7-ին, ժամը 18:00-ին։
Հարակից հրապարակումներ`
- Հայկ Ալումյանն ու Լուսինե Սահակյանը չեն մասնակցի փաստաբանների պալատի նախագահի ընտրություններին
- Փաստաբանների պալատի նախագահ կընտրեն սեպտեմբերի 9-ին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան