Գիշերը վնասել են բանան ներկրող գործարարին պատկանող սառնարանները
Անցած գիշեր անհայտ անձինք ծծմբաթթու են լցրել բանան ներկրող ընկերություններից մեկի՝ «Տրոպիկա»-ին (նախկինում՝ «Արթինինվեստ») պատկանող սառնարանների ճնշակների (կոմպրեսորների) վրա:
Panorama.am-ի հետ զրույցում ընկերության սեփականատեր Վահրամ Միրաքյանն ասաց, որ տեխնիկան եղել է ճաղավանդակում, «կոտրել են կողպեքն ու արել իրենց սև գործը»: Տեղի ունեցածի մասին իմացել են առավոտյան:
«Այս պահին սառնարանների մի մասն անջատած է, մի մասն աշխատում է, քանի որ պահեստում ապրանք կա: Եթե գիշերը սառնարաններն անջատվեին, ապա 20-30 տոննա ապրանքը կփչանար: Բացի այդ, սառանարանները ևս շատ թանկ արժեն»,-նշեց նա:
Վ. Միրաքյանի խոսքով, մինչ այս որևէ մեկից զգուշացում, սպառնալիք չի եղել բանան ներկրելը դադարեցնելու կամ սահմանփակելու վերաբերյալ: Որևէ մեկին կատարվածի մեջ չի կասկածում: Տարածքում ընկերությունը տեսախցիկներ չի տեղադրել:
«Չգիտեմ ով է արել, բայց իրենց հաստատ դուր չի գալիս, որ մենք բանան ենք ներկրում։ Մի բան հստակ գիտեմ, ով արել է, ցանկացել է վատություն անի, մեր գործունեությանը վնասի: Լավ իմացել են՝ ինչ են անում, ամենակարևոր տեղերում են լցրել կիսլոտան»,-ասաց գործարարը:
Տեղի ունեցածի մասին գործարարը տեղյակ է պահել ոստիկանությանը:
«Էս պահին կիսլոտան շարունակում է քայքայել սառնարանը, դեռ չենք մաքրում, որ հետաքննիչները գան, մատնահետքեր վերցնեն»,-ասաց նա:
Լուսանկարները՝ Վահրամ Միրաքյանի ֆեյսբուքյան էջից։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան