Ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների կառուցման տեխնիկական պահանջները կկանոնակարգվեն
Մինչ օրս օրենսդրորեն սահմանված չեն եղել ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների կառուցման տեխնիկական պահանջներն ու չափանիշները: Բացը լրացնելու նպատակով՝ ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների կառուցման տեխնիկական պահանջներն ու չափանիշները սահմանելու մասին որոշման նախագծին։
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի գործակալության երկրաբանության, նորմատիվամեթոդական և վերլուծության բաժնի պետ Շուշանիկ Քերոբյանը ներկայացնելով նախագիծը, նշել է. «Առաջարկվում է ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների, այդ թվում նաև պոչամբարների նախագծման և կառուցման փուլում հաշվի առնել շրջակա միջավայրի պահպանության և շինարարության համար օրենսդրությամբ սահմանված նորմերը, ինչպես նաև խուսափել սողանքային տարածքներում նման օբյեկտներ կառուցելուց: Նախագծման փուլում պետք է նկատի ունենալ նաև պոչամբարի ինչպես պարունակության` ընդերքօգտագործման թափոնների, այնպես էլ տվյալ տարածքի հետագա օգտագործման հնարավարությունը»:
Անդրադառնալով ընդերքօգտագործման թափոնների նոր օբյեկների կառուցմանը՝ Շուշանիկ Քերոբյանն ասել է, որ անհրաժեշտ է նախատեսել ընդերքօգտագործման վտանգավոր թափոնների օբյեկներից դուրս եկող աղտոտված ջրերի մաքրման համակարգի կառուցում՝ ստորերկրյա և մակերևութային ջրային ռեսուրսների աղտոտումը կանխարգելելու համար: