Փոխնախարար. Հարաբերական անդորրից չպետք է մեր աչալրջությունը կորցնենք
«Ադրբեջանի քաղաքականությունը եղել և մնում է ուժային»,-կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Լրագրողները նրանից հարցրեցին՝ թշնամին ակտիվացել է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի հատվածներում, թիրախ է դարձնում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող խաղաղ բնակիչներին:
«Այս պահին շփման գծում համեմատաբար անդորր է, բայց դա չի նշանակում, որ մինչ այդ Հայաստան-Ադրբեջան սահմանին չկային համապատասխան գործողություններ»,-նշեց Քոչարյանը:
Նախարարի տեղակալի խոսքով, ուժային գործողություններով Ադրբեջանը փորձում է շանտաժի ենթարկել միջնորդներին, սակայն գնալով համոզվում է, որ փորձերն ապարդյուն են:
«Տեսնում է, որ միջնորդները հետևողական են իրենց գործողություններում ու հայտարարություններում: Բայց իմ կարծիքը հետևյալն է, հարաբերական անդորրը չի նշանակում, որ մենք պետք է կորցնենք մեր աչալրջությունը: Ճիշտ հակառակը»,-հավելեց նա:
Անդրադառնալով Իրանի նախագահի՝ ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարությանը, Քոչարյանն ասաց, որ Ադրբեջանի և Հայաստանի հարևաններից ոչ մեկին ձեռնտու չէ ուժային լուծումը. «Խաղաղ կարգավորումը բխում է նրանց շահերից: Ադրբեջանը դա կարող է ընկալել որպես ուղերձ, մենք՝ հաստատում դիրքորոշման: Ամեն մեկը՝ յուրովի»: