
Ծննդյան միանվագ նպաստ ստանալու համար կարելի է դիմել առցանց
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 2017թ. օգոստոսի 10-ի հերթական նիստում հավանության է արժանացել երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու /վճարելու/ համար առցանց եղանակով դիմելու կարգի վերաբերյալ որոշման նախագիծը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից մանրամասնում են, նախագծի համաձայն՝ առցանց ներկայացված տեղեկատվության հիման վրա նպաստը կնշանակվի /կվճարվի/ այն դեպքերում, երբ անհրաժեշտ տեղեկատվությունը հնարավոր կլինի ստանալ ՀՀ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի տեղեկատվական բազայից:
Առցանց եղանակով նպաստ նշանակելու համար հնարավոր կլինի դիմել հետևյալ տարբերակներով.
· www.epension.am կայքէջի միջոցով,
· նույնականացման քարտի կիրառմամբ,
· բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորի կողմից թողարկված բջջային կապի հեռախոսահամարի կիրառմամբ։
Առցանց ներկայացված տեղեկատվության հիման վրա նպաստ չի նշանակվի, եթե`
· ծնողն ունի օտարերկրյա քաղաքացիություն,
· երեխայի ծննդի պետական գրանցումը կատարվել է օտարերկրյա պետությունում,
· նոր ծնված երեխան մահացել է պերինատալ շրջանում, և ծննդի պետական գրանցում չի կատարվել։
Երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ նպաստն առցանց դիմումի հիման վրա նշանակելուն և վճարելուն վերաբերող դրույթներն ուժի մեջ կմտնեն 2018 թվականի հունվարի 1-ից:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին