Մարզպետի խորհրդականի սպանության մեջ մեղադրվող կնոջ նկատմամբ նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ մեղադրյալի նկատմամբ նշանակվել է դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննություն։
1965 թ. ծնված Մանուկ Սիմոնյանի դիակը հայտնաբերվել է 2017 թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 3-րդ կմ-ից դեպի աջ ընկած՝ մոտ 300 մ հեռավորությամբ գտնվող «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում՝ փաթաթված և կապկպված սավանով, պոլիէթիլենային տոպրակներով և մուգ գույնի պարաններով։ Զննությամբ դիակի վրա հայտնաբերվել են կտրված և ջնջխված վերքեր, իսկ հագին եղել է վարտիք և շապիկ։
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է սպանության եղանակը, շարժառիթը, փաստական տվյալներ ձեռք բերվել առ այն, որ Մ.Սիմոնյանին կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքները պատճառվել են տուժողի կնոջ կողմից։ Վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու, հանցագործությունը կատարելու պահին և դրանից հետո մեղադրյալի հոգեկան վիճակը պարզաբանելու համար մեղադրյալ կնոջ նկատմամբ նշանակվել է ստացիոնար դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննություն: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ փորձաքննությունը կատարելու համար նրան ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնում տեղավորելու մասին, ինչը բավարարվել է։
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- Մարզպետի սպանված խորհրդականի կնոջ հորաքույրը՝ միջադեպի մասին. «Առավոտ»
- Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել վերջինիս կնոջը. ՔԿ
- Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության կասկածանքով ձերբակալվել են վերջինիս կինը և որդին. ՔԿ
- Նոր մանրամասներ՝ Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանությունից
- Բացահայտվել է Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանությունը
- Արմավիրի մարզպետի խորհրդականի դին հայտնաբերվել է կապկպված. ՔԿ
- Արմավիրի մարզպետի խորհրդականի դիակն են գտել
- Արմավիրի մարզպետի խորհրդականն անհետ կորել է. ոստիկանությունը որոնում է նրան