Սեֆիլյանը հրաժարվեց հանրային պաշտպանից
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվող Ժիրայր Սեֆիլյանի գործով դատավարության մեկնարկին նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանը դահլիճ հրավիրված Ժիրայր Սեֆիլյանին և տեղեկացրեց, որ հանրային պաշտպան Էմին Բեգլարյանն է ներկայացել: Դատարանը հետաքրքրվեց, արդյոք ունի՞ առարկություն Սեֆիլյանը:
Մինչ պատասխանելը Սեֆիլյանը կոչ արեց Վարդան Գերավետյանը, Տիգրան Մանուկյանը և Վարդգես Գևորգյանը դադարեցնեն հայտարարած հացադուլը:
«Դուք մեզ ողջ-առողջ եք պետք, ժողովուրդը ձեզ սպասում է, և թող չկասկածեն, որ առաջիկայում միասին մեծ գործ ունենք անելու»,-ասաց Սեֆիլյանը:
Հիշեցնենք, նրանք հացադուլը դադարեցրել էին երեկ երեկոյան:
Անդրադառնալով հանրային պաշտպանի վերաբերյալ հարցին, Սեֆիլյանն ասաց, նրան չի ճանաչում, հարգում է, սակայն դատավարության ընթացքը, ըստ նրա, անհեթեթ է:
«Դուք իմ իրավունքը խախտում եք, ոչ թե իմ պաշտպանները բացակայում են, այլ ապօրինի խուզարկությունների պատճառով թույլ չեք տալիս, որ նրանք ներկա գտնվեն»,-ասաց նա:
Դատավորը հիշեցրեց, որ Սեֆիլյանը թույլ չի տալիս պաշտպաններին մասնակցել դատավարությանը՝ քանի դեռ ինքը հեռացված է դահլիճից: Դատավորն ասաց, որ ձեռնարկվում են բոլոր պատշաճ գործողությունները, փաստաբանները ստանում են պատշաճ ծանուցում դատական նիստերի մասին:
«Դուք հանձնարարել եք, որ նրանք ձեր բացակայության ժամանակ չմասնակցեն նիստերին: Դատարանը Ձեզ պարզաբանել է, որ հեռացված լինելու ժամանակ պաշտպան պետք է ունենաք, պաշտպանի մասնակցությունը պարտադիր է, դատարանը պետք է Ձեզ ապահովի փաստաբանով»,-ասաց Տ. Գրիգորյանը:
Սեֆիլյանն ասաց, որ հրաժարվում է դատարանի կողմից ներկայացված հանրային պաշտպանից:
Ներսես Պողոսյանն էլ հայտարարեց, որ չի ցանկանում հանրային պաշտպան:
Դատավոր Տաթևիկ Գրիգորյանն ասաց, որ Էմին Բեգլարյանը ներգրավվում է որպես ամբաստանյալներ Ժիրայր Սեֆիլյանի ու Ներսես Պողոսյանի պաշտպան:
«Դատարանը չի ընդունում ամբաստանյալների կողմից պաշտպանի հրաժարումը, և Ձեզ նշանակում է որպես վերջիններիս շահերի պաշտպան»,-ասաց դատավորը՝ դիմելով փաստաբանին:
Հանրային պաշտպանը միջնորդեց դատական նիստը հետաձգել, որպեսզի հնարավորություն ունենա ծանոթանալ գործի նյութերին: Դատարանը բավարարեց միջնորդությունը, հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսի 18-ին ժամը 11-ին:
Հարակից հրապարակումներ`
- «Խանգարողը դուք եք, չեք ուզում, որ նորմալ դատաքննություն լինի». Ժիրայր Սեֆիլյան
- «Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով» այսօրվա դատական նիստը հետաձգվեց
- «Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով» դատական նիստին պաշտպանները լքեցին նիստերի դահլիճը
- Ձեր պաշտպաններին պահեք ձեզ. Ժիրայր Սեֆիլյան
- «Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով» դատական նիստը սկսվեց փաստաբանի նկատմամբ սանկցիայի կիրառմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան