Սերգեյ Սմբատյանը կղեկավարի Եվրասիական երաժշտական խաղերի բացման և փակման համերգները
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն օգոստոսի 15-25-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայանալիք Եվրասիական երաժշտական խաղերի շրջանակներում կղեկավարի Աստանայի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախումբը։
Երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ Եվրասիական երաժշտական խաղերն անցկացվում են առաջին անգամ։ Մասշտաբային երաժշտական այս նախաձեռնությունն ուղեկցվելու է դաշնամուր, ջութակ, վոկալ մասնագիտություններով անցկացվելիք մրցույթներով և դասական երաժշտության համերգներով։ Եվրասիական երաժշտական խաղերի ընթացքում ելույթ են ունենալու համաշխարհային մեծության երաժիշտներ, անցկացվելու են նաև վարպետության դասեր աշխարհի լավագույն երաժիշտների և մանկավարժների կողմից։
Մաեստրո Սմբատյանին է վերապահված Եվրասիական երաժշտական խաղերի բացման և փակման համերգները ղեկավարելու պատիվը։ Օգոստոսի 15-ին Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Աստանայի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա դաշնակահարուհի Նարե Արղամանյանը, իսկ օգոստոսի 25-ին՝ կլարնետահար Անդրեաս Օտանզամերը։ Կհնչեն Ալեքսեյ Շորի, Պյոտր Չայկովսկու, Սերգեյ Ռախմանինովի, Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից։