Ձվային սկանդալ Եվրոպայում
Եվրահանձնաժողովը որոշում է կայացրել սեպտեմբերի 26-ին արտահերթ հանդիպում անցկացնել ձվային սկանդալի հետ կապված շահագրգիռ պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Ֆիպրոնիլ կոչվող միջատասպան նյութով վարակված ձվեր հայտնաբերվել են 15 երկրներում, որոնց մեծ մասը ԵՄ անդամ են:
«Չորս երկրներում՝ Նիդելանդներում, Բելգիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում փակվել են թռչնաբուծարանները, որոնք օգտագործել են այդ նյութը: Այդ ֆերմաների արտադրանքն արտահանվել է Շվեդիա, Մեծ Բրիտանիա, Իռլանդիա, Ավստրիա, Լյուքսեմբուրգ, Լեհաստան, Ռումինիա, Սլովակիա, Սլովենիա, Շվեյցարիա, Հոնկոնգ»,-«Լենտա.ռու»-ի հաղորդմամբ, հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Մինա Անդրեևան:
Նա նշել է, որ այս պահին հանդիպում հնարավոր չէ կազմակերպել, քանի որ հանձնակատարներն արձակուրդում են:
Նիդերլանդներում նախօրեին ձերբակալվել է երկու անձ, նրանք կասկածվում են թռչունների ֆերմայում ապօրինի կերպով թույնի օգտագործման մեջ: Ֆիպրոնիլ դեղամիջոցն արգելվում է օգտագործել կենդանիների ու թռչունների ֆերմաններում: Թունավորման հետևանքով առաջ է գալիս գլխապտույտ և սրտխառնոց, մահվան ելքով դեպքեր հազվադեպ են գրանցվում: