Վայոց Ձորում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են
Վայոց Ձորում օգոստոսի 12-ին, ժամը 06:59-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԻ նախարարությունից, ժամը 23:00-ի դրությամբ վատ տեսանելիության և տեղանքի դժվարանցանելիության պատճառով ակտիվ հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են. իրականացվել է հերթապահություն:
Երեկ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում էին: Ներգրավված է 5 մարտական հաշվարկ, 92 հրշեջ-փրկարար, ԶՈՒ 165 զինծառայող և ոստիկանության ներքին զորքերի 150 ծառայող և 73 աշխատակից:
Ժամը 16:30-ի դրությամբ այրվել է 450-500 հա խոտածածկ և անտառածածկ (80 հա) տարածք:
Մարզում հրդեհի մարման աշխատանքների իրավիճակային կառավարումն իրականացնում է ՀՀ ԱԻ նախարար Դ.Տոնոյանը: Դեպքի վայրում է նաև ՀՀ բնապահպանության նախարար Ա.Մինասյանը:
Առաջին անգամ հրդեհաշիջման համար օգտագործվում են մոտակա ջրամբարի պաշարները և կրակի դեմ պայքարին օժանդակում է մասնավոր ընկերություն` տրամադրելով ծանր տեխնիկա (Կատերպիլեր B-9 և D-10 մակնիշի) և ջրատարներ, որոնք ջուր են մատակարարում հրշեջ մեքենաներին:
Հիշեցնենք՝ օգոստոսի 10-ին, ժամը 18:50-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արտավան գյուղում, այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Վայք-Սարավան հատվածի 10-րդ կմ-ից դեպի Արտավան գյուղն ընկած տարածքում այրվում է խոտածածկույթ։
Ժամը 20:00-ին հրդեհի վայրից օգնություն են պահանջել: Դեպքի վայր է մեկնել 2 օպերատիվ խումբ՝ 7 հրշեջ-փրկարարով, և 3 մարտական հաշվարկ:
Ժամը 22:30-ին դեպքի վայրից հայտնում են, որ այրվում է մոտ 30 հա խոտածածկույթ և 4,5 հա անտառածածկ տարածք։ Քամին նպաստում է հրդեհի տարածմանը:
ՓԾ տնօրենի կարգադրությամբ՝ դեպքի վայր է մեկնել ևս 5 մարտական հաշվարկ:
Ժամը 00:50-ի դրությամբ դեպքի վայրում են գտնվել անտառտնտեսության՝ 40, բնապահպանության պետական տեսչության՝ 3, ոստիկանության Վայքի բաժնի՝ 35, Եղեգնաձորի բաժնի՝ 27, Ջերմուկի բաժնի՝ 11, մարզպետարանի՝ 20 աշխատակիցներ և Զառիթափ համայնքի բնակիչներ (մոտ 100 հոգի):
Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվում է նաև ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաօդային ուժերի ուղղաթիռը և ոստիկանական ուժերը:
Հարակից հրապարակումներ`
- Վայոց Ձորում հրդեհն արագորեն տարածվում է
- Վայոց Ձորում այրվող խոտածածկույթի և անտառների տարածքը հասել է 250 հա-ի
- Վայոց Ձորում հրդեհաշիջման աշխատանքների համար օգտագործվում են նաև ջրամբարի պաշարները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան