Վայոց Ձորի անտառի հրդեհի փաստով քրեական գործ է հարուցվել
«Վայոց Ձորի մարզում անտառի հրդեհի բռնկման գործով կասկածյալ կա»: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին ոստիկանության հասարակայնության և լրատվության վարչությունից:
«Հանգամանքները պարզվում են, քննություն է իրականացվում»,-ասացին իրավապահ այս մարմնից:
Քննչական կոմիտեից էլ Panorama.am-ին տեղեկացրեցին, որ անտառի հրդեհի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Կոմիտեից մանրամասնեցին, որ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում նախնական տվյալներ են ձեռք բերվել Վայոց ձորի մարզում՝ Արտավան գյուղում հրդեհի բռնկման պատճառների վերաբերյալ։
Օգոստոսի 10-ին՝ ժամը 18:50-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգ է ստացվել, որ ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արտավան գյուղի խոտածածկ տարածքներում հրդեհ է բռնկվել, հետագա օրերին հրդեհը տարածվել է ՝ ներառելով մի քանի հարյուր հեկտար տարածք, որի հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են մի շարք ծառայություններ՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավարությամբ։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ մասով և 297-ի 1-ին մասով, որով նախաքննությունն իրավականացվում է ՀՀ ՔԿ Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում։
«Մշակվել է քննչական պլան, աշխատանքայի վարկածներ և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ հրդեհի առաջացման բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Հարցաքննության ժամանակ գյուղացիներից մեկի հայտնած տվյալների համաձայն՝ հրդեհը բռնկվել է խոտածածկ տարածքում ավտոմեքենայի խլացուցիչից դուրս թռած կայծի հետևանքով։ Մատնանշված հանգամանքներն ստուգվում են։ Նախաքննության արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրվի լրացուցիչ»,-ասացին Քննչական կոմիտեից:
Նշենք, որ օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «Ուրիշի գույքն անզգուշությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է կրակի կամ առավել մեծ վտանգի այլ աղբյուրի հետ անզգույշ վերաբերվելու հետևանքով կամ առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»:
297-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Անտառներ, ինչպես նաև անտառային ֆոնդի մեջ չմտնող տնկարկներ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է կրակի, պայթուցիկ նյութերի կամ առավել վտանգի այլ աղբյուրի հետ անզգույշ վերաբերմունքի արդյունքում, և եթե այդ գործողությունները խոշոր վնաս են պատճառել՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»:
Այսօր հայտնի դարձավ, որ օգոստոսի 10-ին ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արտավան գյուղի մոտ գտնվող անտառում բռնկված հրդեհի (450-500 հա խոտածածկ և անտառածածկ (80 հա) տարածք) վտանգավոր օջախները հաջողվել է մարել՝ բացառելով հրդեհի հետագա տարածումը. տեղում աշխատող փրկարարները շարունակում են կրակի առավել մանր օջախների մարման աշխատանքները:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան