Բջջային հավելված հեղինակած հայ աշակերտուհիների թիմը ԱՄՆ-ում մրցանակի է արժանացել
Արագածոտնի մարզի Կարբի գյուղի Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտուհիները ԱՄՆ-ի Սիլիկոնե հովտում անցկացվող «Technovation» միջազգային մրցույթում ժեստերի հայերեն լեզուն սովորեցնող հավելվածով եզրափակիչ փուլ են անցել և արժանացել «Ժողովրդի ընտրություն» մրցանակին։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց Կարբիի Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Սաթենիկ Հակոբյանը։
Մրցույթն անցկացվել է օգոստոսի 7-11-ը։ Տնօրենը տեղեկացրեց, որ թիմն այսօր վերադարձել է Հայաստան, սակայն դեռ չեն հասցրել հանդիպել և մանրամասն քննարկել աղջիկների հաջողությունները։
Հինգ աղջիկներից բաղկացած «Մեկ քայլ առաջ» թիմի կազմում են Աղավնի Հակոբյանը, Սոնա Ավետիսյանը, Սվետլանա Դավթյանը, Վիոլետա Մկրտչյանն ու Վարդանուշ Նազարեթյանը, թիմի ղեկավարն է դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Վարդանուշ Հովհաննիսյանը։
«Մրցույթը եղել է 6 առանձին անվանակարգերի համար՝ կրթություն, առողջություն, խաղաղություն, հավասարություն, աղքատություն, հավասարություն, որից բոլոր առաջին մրցանակակիրներին (մենք առաջինն ենք կրթություն անվանակարգում) հրավիրել էին Սիլիկոնյան հովիտ, որտեղ պետք է տրվեր նաև գրան պրին և հանդիսատեսը պետք է որոշեր լավագույն թիմին։
Թիմերը եղել են 2 տարիքային խմբերով՝ 6 ավագ թիմերից գրան պրիի է արժանացել Ղազախստանի թիմը, 6 կրտսեր թիմերից Հոնկ Կոգի թիմը, իսկ հանդիսատեսը ունենալով քվեարկության հնարավորություն, պետք է որոշեր 12 թիմերից լավագույնին և մենք արժանացանք «Ժողովրդի ընտրություն»՝ որպես լավագույն թիմ և լավագույն աշխատանք»,- Panorama.am-ի հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց թիմի ղեկավար Վարդանուշ Հովհաննիսյանը։
Նա տեղեկացրեց, որ առաջին մրցանակ ստացած բոլոր 6 ավագ թիմերը արժանացել են 10 000 դոլար մրցանակի՝ հավելվածը հետագայում զարգացնելու նպատակով։
Technovation Challenge –ը Աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ձեռներեցության մրցույթ է 10-18 տարեկան աղջիկների համար, որը նախատեսում է 12 շաբաթյա առցանց ուսուցում, որի ընթացքում աղջիկները սովորում են բացահայտել, վեր հանել որևէ սոցիալական խնդիր իրենց համայնքում և պատրաստել բջջային հավելված` այն լուծելու համար։ Այս տարի միջոցառմանը մասնակցել են ավելի քան 100 երկրից շուրջ 11.000 աղջիկ: Մրցույթը Հայաստանում կազմակերպել են «Կանայք և տեղեկատվական հասարակությունը» հասարակական կազմակերպությունը և ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի «Ինֆորմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաներ» բաժինը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին