Գարո Փայլանն այցելել է Վանի անարգված հայկական գերեզմանոց
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ -HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը այցելել է Վանի Արտամետ (Էդրեմիտ) շրջանում գտնվող հայկական գերեզմանոց, որի տարածքում օրեր առաջ հասարակական զուգարան և հանդերձարաններ էին կառուցվել:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Փայլանը հավաքել և հողին է հանձնել գերեզմանոցի տարածքում այս ու այն կողմ թափված մարդկային ոսկորները, որոնք կառուցապատումների պատճառով դուրս էին եկել գերեզմաններից:
«Վանում հարյուրավոր հայկական գերեզմանոցներ ու եկեղեցիներ կան: Հայերի մշակութային ժառանգության մեծ մասը ոչնչացվել է: Բայց ինձ ամենից շատ վշտացնում է այն, որ գերեզմանոցներն են ոչնչացվում, անգամ դրանց վրա զուգարաններ են կառուցվում: Պետությունից նախևառաջ հարգանք եմ ակնկալում մեր հանգուցյալների նկատմամբ: Դատապարտում եմ: Ես հետևելու եմ այս զարգացումներին: Եվ հնարավոր ամեն ինչ անելու եմ, որպեսզի վերջ տրվի մեր անցյալին, մեր հանգուցյալների նկատմամբ այս անարգանքին», - ասել է Փայլանը:
Հայ պատգամավորը հիշեցրել է, որ նշված տարածքը երկար տարիների ընթացքում հայկական բնակավայր է եղել, իսկ գերեզմանոցն էլ հայկական է: Նա մտահոգություն է հայտնել, որ թուրքական պետությունը հարգանք չի ցուցաբերում ոչ միայն երկրում բնակվող տարբեր ազգային փոքրամասնությունների, այդ թվում նաև հայերի նկատմամբ, այլև անարգում է նրանց նախնիների հիշատակը:
Փայլանը նաև նշել է, որ գերեզմանոցին հարակից հայկական գյուղը անվանի հայ նկարիչ Գորկու ծննդավայրն է: Տարածքում ավելի վաղ Գորկու պատվին աղբյուր է կառուցվել և հուշատախտակ տեղադրվել: Սակայն համաձայն տեղի բնակիչների վկայության՝ Վանի հոգաբարձուն պատվիրել է հանել հուշատախտակը:
«Փորձ է արվում այս հողերից արմատախիլ անել հայկական ամեն ինչ: Ուզում են տպավորություն ստեղծել, կարծես հայերն այստեղ երբևէ չեն էլ ապրել: Երեկ չարիք գործողները Թալեաթ և Էնվեր փաշաներն էին, այսօր Թայիփ Էրդողանն ու նրա հաստատած համակարգն են: Նրանք շարունակում են չարիք և անխղճություն գործել: Ցավոք սա է իրավիճակը, սակայն մենք հավատում ենք այս երկրի խղճին: Վաղ թե ուշ խիղճն ու արդարությունը կվերադառնան այս հողեր»:
Աղբյուրը հիշեցնում է, որ օրեր առաջ մամուլում տեղ գտած տեղեկությունների համաձայն Վանի Էդրեմիտ շրջանում գտնվող հայկական գերեզմանոցի վրա նորանշանակ հոգաբարձուի հրահանգով հասարակական լողափ է բացվել, հանդերձարաններ և զուգարան է կառուցվել: Այս համգամանքը առաջացրել էր հանրության բուռն դժգոհությունը, հարցը բարձրացվել էր նաև թուրքական մեջլիսում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին