Արա Զոհրաբյանը իրավապահներին կոչ է արել ձեռնարկել Պապիկյանի պաշտպանության միջոցներ
«Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը դատապարտում է մասնագիտական պարտականությունների կատարման կապակցությամբ փաստաբան Արայիկ Պապիկյանի նկատմամբ սպառնալիքներ ներկայացնելու վարքագիծը»: Այս մասին ասված է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի տարածած հայտարարության մեջ:
Նշվում է, որ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն՝ փաստաբանը, նրա ընտանիքի անդամները և նրանց գույքը գտնվում են պետության պաշտպանության ներքո։ Պետական իրավասու մարմինները պարտավոր են ձեռնարկել փաստաբանի պաշտպանության համար անհրաժեշտ` օրենքով սահմանված միջոցներ, եթե իր մասնագիտական պարտականությունների կատարման հետ կապված՝ նրան կամ նրա ընտանիքի անդամներին սպառնացել են ֆիզիկական բռնությամբ, գույքի ոչնչացմամբ կամ այլ անօրինական գործողություններով:
«ՀՀ քրեական օրենսգրքի 323.3 հոդվածը քրեական պատիժ է նախատեսել այն անձի համար, որը փաստաբանի նկատմամբ սպանության, առողջությանը վնաս պատճառելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիք է ներկայացրել` կապված փաստաբանի լիազորությունների իրականացման հետ:
Դեպքի առթիվ փաստաբան Արայիկ Պապիկյանի կողմից արդեն իսկ հաղորդում է ներկայացվել ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:
Միջադեպի կապակցությամբ իրավապահ մարմիններին կոչ ենք անում ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ փաստաբան Արայիկ Պապիկյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ սպառնալիքներ ներկայացրած անձին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու համար, իսկ անհրաժեշտության դեպքում ձեռնարկել փաստաբանի պաշտպանության համար միջոցներ»,-ասված է Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ նա նշված հարցով գրությամբ դիմել է նաև ՀՀ գլխավոր դատախազին: