Գուգարաց թեմի առաջնորդը դեմ է Արդվի համայնքի տարածքում ոսկու որոնման աշխատանքներին
Գուգարաց թեմն իր մտահոգությունն է հայտնում Արդվի գյուղի հարակից տարածքում ոսկու հանքի շահագործման նպատակով տարվող ուսումնասիրության աշխատանքների առնչությամբ և սթափության կոչ ուղղում ծրագրի պատասխանատուներին:
Թեմի ֆեյսբուքյան էջում հրապարկվել է Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը հորդորը.
«Դարեր շարունակ Արդվին, ուր հանգչում է Ս. Հովհան Օձնեցի Հայրապետը, մեր ժողովրդի համար եղել է նվիրական սրբավայր և ուխտատեղի, որտեղ այցելել է յուրաքանչյուր բարեպաշտ հայորդի: Անցնող 20 տարիների ընթացքում մենք մշտապես ուխտագնացություններ ենք կազմակերպել դեպի Արդվի և երիտասարդությանը մատնացույց արել իրական Ոսկու տեղը` ուսուցանել, կրթել ու քաջալերել ենք նրանց շարունակ երկրպագել, մեծարել ու պանծացնել Արդվիի դամբարան-մատուռ սրբավայրում ննջող Ս. Հովհան Օձնեցի Հայրապետի հիշատակը:
Հայաստան աշխարհում ննջող եզակի սրբերից է Օձնեցին, որ, ինչպես ժողովուրդն է ասում, մեր երկրի հյուսիսային դարպասների մշտարթուն հոգևոր պահապանն է: Հազարավոր մարդիկ բժշկվել են սրբի օրհնաբեր մասունքների զորությամբ, փրկվել փորձանքներից, ունեցել են հաջողություններ և ուժ առել սրբի բարեխոսության շնորհիվ և ոչ թե նյութական ինչ-ինչ բարիքների կամ ոսկու:
Այսօր, հանցավոր թողտվությամբ, փորձ է արվում կյանքի կոչել ոսկու հանքի գործարկման խայտառակ ծրագիրը:
Դեմ չենք մեր Հայրենիքի զարգացմանն ու պայծառությանն ուղղված ազգօգուտ ծրագրերի իրականացմանը, սակայն ոչ սրբություններն ու հոգևոր-մշակութային արժեքների կործանման հաշվին:
Սուրբ Հովհան Օձնեցու և մեր մյուս սրբերի բարեխոսության շնորհիվ է, որ հայ ժողովուրդն ու Հայաստանը կանգուն են: Արդվին եղել և մնում է մեր ժողովրդի համար հոգևոր զորության և ուժականության սրբազան անանց ակունք և պետք չէ այն փոխարինել անցավոր ոսկիով:
«Ով լսելու ականջ ունի՝ թող լսէ» (Մատթեոս 13:9)»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան