Ներկայում հրդեհն ընդգրկում է արգելոցի էական մասը. Արծվիկ Մինասյան
««Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհը բռնկվելուց հետո շատ արագ է տարածվել, անմիջական գործողություններն արդյունք չեն տվել թե´ տեղանքի, թե´ կլիմայական պայմանների առանձնահատկությամբ»,- ԲՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասել է բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը։
«Մասնավորապես` լինելով պետական արգելոց, որտեղ օրենքի ուժով արգելված է որևէ գործողություն իրականացնելը / մասնավորապես խոտհունձը, հակահրդեհային բաժանարարների ապահվումը/ ժամանակի ընթացքում այստեղ ձևավորվել է մի միջավայր, որը հրդեհի տեսանկյունից բարձր ռիսկային դաշտում է գտնվել: Թեև կանխարգելիչ բազմաթիվ գործողություններ են ձեռնարկվել, սակայն հրդեհից խուսափել չի հաջողվել, ինչի հետևանքով պետական արգելոցի տարածքում, ինչպես նաև համայնքային նշանակության տարածքներում հրդեհը բռնկվել և շատ արագ տարածվել է: Ներկայում այն ընդգրկում է արգելոցի էական մասը, որը բնապահպանական առումով համարվում է չափազանց մեծ վնաս: Այն վնաս է հասցրել թե´ բուսական աշխարհին` հարյուրամյա ծառերին, թե´ կենդանկան աշխարհին»,- նշել է նախարարը։
Նրա խոսքով՝ տարածքի առանձնահատկությունը նաև այն է, որ պետարգելոցը գտնվում է էկոմիջանցքում. «Եղած մարդկային, տեխնիկական հնարավորությունների սահմաններում բոլոր գործողությունները ձեռնարկվել են, սակայն տեղանքի առանձնահատկությամբ պայմանավորված անհնարին է եղել կանգնեցնել հրդեհը: Կատարվում են հրդեհաշիջման աշխատանքներ օդային տարածքից, որից հետո կհանգցվեն նաև մնացած հատվածները»:
ՀՀ բնապահպանության նախարարությունը դիմում է հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցելու համար կամավոր դեպքի վայր մեկնող քաղաքացիներին` «Խոսրովի անտառ» պետական արգելոց ժամանել, Ուրցաձորի տեղամասի առաջին պահաբաժնի ուղեկալից, որտեղ ՀՀ բնապահպանության նախարարության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները կհամակարգեն կամավորների ուժերի բաշխումը հրդեհված տարածքների տարբեր հատվածներում:
Հարակից հրապարակումներ`
- Հրդեհաշիջող օդանավը կիրականացնի նաև 3-րդ թռիչքը
- ՀՀ Նախագահին զեկուցվել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում խոշոր հրդեհի մարման օպերատիվ իրավիճակը
- Հարուցվել է քրեական գործ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհի առթիվ
- «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհի մարման աշխատանքներում ՊՆ ուղղաթիռ է ներգրավվել
- Արարատի զորամասից զինծառայողներ են մասնակցում «Խոսրովի անտառ»-ում հրդեհաշիջման աշխատանքներին
- Հրշեջ-փրկարարները «Խոսրովի անտառ»-ում շարունակում են հրդեհի մարման աշխատանքները
- Հրդեհ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան