Նախագահի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն հրդեհների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի վերաբերյալ
Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում օգոստոսի 12-ին բռնկված խոշոր հրդեհի հրդեհաշիջման ընթացքի, ինչպես նաև հանրապետության ամբողջ տարածքում տևական ջերմային բարձր ֆոնի և տեղումների բացակայության պայմաններում անտառամերձ ու անտառային գոտիներում առաջացած հրդեհավտանգ իրավիճակի պատշաճ վերահսկողության, կանխարգելիչ աշխատանքների իրականացման, առաջացած հրդեհների պատճառների բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքների, բնությանը և գյուղացիական տնտեսություններին հասցված վնասի ուսումնասիրման, դրա վերականգնման հնարավորությունների վերաբերյալ: Քննարկվել է նաև ստեղծված իրավիճակում նոր միջոցների ձեռնարկման անհրաժեշտությունը:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և մամուլի միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, խորհրդակցությանը մասնակցել են Նախագահի աշխատակազմի ղեկավարը, գլխավոր դատախազը, արտակարգ իրավիճակների, գյուղատնտեսության, բնապահպանության նախարարները, Նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայության ղեկավարը, արտաքին գործերի, տարածքային կառավարման և զարգացման նախարարների տեղակալներ, Նախագահի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ:
Հանրապետության Նախագահին զեկուցվել է նաև հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում ի հայտ եկած դժվարությունների ու առկա խնդիրների, դրանց լուծման ուղղությամբ օրեր առաջ Նախագահի կողմից օպերատիվ կարգով տրված հանձնարարականների համաձայն ձեռնարկվող միջոցների վերաբերյալ:
Ոլորտների պատասխանատուները զեկուցել են, որ ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր միջոցները, և այս պահին եղած հնարավորությունները բավարար են պետական արգելոցի տարածքում առաջացած խնդիրը լուծելու համար, հրդեհավտանգ բոլոր հատվածներում իրականացվում է ամենօրյա ուժեղացված հսկողություն:
Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց և կառույցներին, ովքեր այս ամբողջ ընթացքում պայքարել են հրդեհների դեմ: Նախագահը հատուկ շնորհակալություն է հայտնել նաև ՌԴ գործընկերներին, ովքեր օպերատիվ արձագանքելով հայ գործընկերների աջակցության խնդրանքին, այժմ ակտիվորեն ներգրավված են հրդեհաշիջման կարևոր աշխատանքներում:
Խորհրդակցության արդյունքներով Հանրապետության Նախագահը հանձնարարել է շարունակել իրավիճակը պահել խիստ հսկողության տակ և պարբերաբար զեկուցել հրդեհաշիջման աշխատանքների ընթացքի վերաբերյալ:
Լուսանկարները՝ ՀՀ նախագահի պաշտոնական էջից:
Հարակից հրապարակումներ`
- ԱԻՆ. Վայոց ձորի հրդեհը մեկուսացվել է, տարածման վտանգ չկա
- Ռուսական հրդեհաշիջող ինքնաթիռն իրականացրել է առաջին թռիչքը
- ՀՀ Նախագահին զեկուցվել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում խոշոր հրդեհի մարման օպերատիվ իրավիճակը
- Բնապահպան. Սա էկոլոգիական աղետի առաջին փուլն է
- ՌԴ ԱԻՆ հրդեհաշիջման ինքնաթիռը շուտով կլինի Հայաստանում
- Հարուցվել է քրեական գործ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհի առթիվ
- «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհի մարման աշխատանքներում ՊՆ ուղղաթիռ է ներգրավվել
- ԱԻՆ. Վայոց ձորի անտառապատ տարածքում բռնկված հրդեհի վտանգավոր օջախները մարվել են
- Արարատի զորամասից զինծառայողներ են մասնակցում «Խոսրովի անտառ»-ում հրդեհաշիջման աշխատանքներին
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին