Հայաստանի երեք լողորդներ կմասնակցեն պատանիների աշխարհի առաջնությանը
Հայաստանի լողի պատանեկան հավաքականն օգոստոսի 23-ից 28-ը ԱՄՆ-ի Ինդիանապոլիս քաղաքում կմասնակցի պատանիների աշխարհի առաջնությանը:
Լողի հայկական դաշնության նախագահ Մեսրոպ Հովսեփյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում տեղեկացրել է, որ մրցավայր մեկնելու են լավագույն պատանի լողորդները՝ Արթուր Բարսեղյանը (50 և 100 մ. ազատ ոճ, 50 մ. բատերֆլայ), Վարսենիկ Մանուչարյանը (50 և 100 մ. ազատ ոճ, 50 մ. բատերֆլայ) և Անի Պողոսյանը (50 և 100 մ. ազատ ոճ, 50 մ. թիկնալող):
«Հուլիսին, աշխարհի մեծահասակների առաջնությունում Անի Պողոսյանը 2018 թ. պատանեկան օլիմպիական խաղերի մասնակցության «B» կարգի վարկանիշ ձեռք բերեց: Նույնպիսի հաջողության հասավ նաև Արթուր Բարսեղյանը: Նա «B» կարգի ուղեգիր նվաճեց Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնում: Ընդ որում, Արթուրի արդյունքը շատ մոտ է «A» կարգի վարկանիշին: Հավատում ենք, որ մեր լողորդները կարող են հաջող հանդես գալ նաև աշխարհի պատանեկան առաջնությունում», - ասել է Հովսեփ Մեսրոպյանը:
Լողի հայկական դաշնությունում չեն բացառում նաև, որ Հայաստանը կարող է 2020 թվականի Տոկիոյի օլիմպիական խաղերի մասնակից ունենալ:
«Մենք փոքրիկ քայլերով, բայց նպատակասլաց շարժվում ենք առաջ ու այս երեք պատանի լողորդների ցուցանիշների կայուն աճը մեզ հույս է ներշնչում, որ հնարավոր է՝ Տոկիոյի օլիմպիական լողուղյակում Հայաստանը ներկայացուցիչ ունենա», - ասել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան