Ալթունյան. Մայրաքաղաքին մոտ մարզերից ավելի շատ հիվանդներ են դիմում Երևանի ԲԿ-ներ
«Մայրաքաղաքին մոտ մարզերից սովորաբար ավելի շատ հիվանդներ են դիմում Երևանի բժշկական կենտրոններ»,-այս մասին հայտարարել է առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն Արարատի մարզի առողջապահության կազմակերպիչների հետ հանդիպման ժամանակ:
Հանդիպման մասնակիցներին դիմելով, նախարարն ընդգծել է. «Դուք ավելի մեծ ջանքեր պիտի գործադրեք, որպեսզի այդ հոսունությունը հնարավորինս կրճատվի»:
ԱՆ հասարակայանության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Լևոն Ալթունյանը կարևորել է ոչ միայն բնակչությանը տրամադրվող բժշկական ծառայությունների որակի ապահովումը, այլև շրջանառվող ստվերային գումարները սպիտակ դաշտ բերելը։ Քննարկման հիմնական թեմաներից մեկը եղել է վճարովի ծառայությունների համար դրամարկղ մուտք եղած միջոցներից ավելի մեծ տոկոսներ բժիշկներին հատկացնելու հարցը։
Նախարարի խոսքով` այդ քայլերի արդյունքում կբարձրանա բժշկական կազմակերպության վարկանիշը, մարդիկ ավելի մեծ վստահությամբ կդիմեն տվյալ հիվանդանոց, միաժամանակ բժիշկն իրեն առավել բավարարված կզգա։