Հանձնարարվել է ի կատար ածել «Մեղրի-Նորդուզ անցակետը համատեղ օգտագործելու մասին համաձայնագիրը». իրանագետ
«Իրանի նախագահ Հասան Ռուհանին կարգադրություն է ստորագրել, համաձայն որի էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությանը հանձնարարվել է ի կատար ածել «Մեղրի-Նորդուզ սահմանային անցակետը համատեղ օգտագործելու մասին համաձայնագիրը», որը, Մեջլիսում ընդունվելուց հետո օրերս հաստատվել էր նաև ԻԻՀ սահմանադրության պահապան խորհրդի կողմից»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել իրանագետ Արմեն Իսրայելյանը։
Իրանագետի խոսքով՝ հետաքրքրական է, որ Ռուհանիի կարգադրության ստորագրման օրը Հայաստան է գործուղվել ԻԻՀ նախագահի խորհրդականը, որն այսօր ՀՀ էկոնոմիկայի և տնտեսական զարգացման նախարարի հետ քննարկել է Իրանի և Հայաստանի միջև ազատ տնտեսական գոտիների, զբոսաշրջության և արդյունաբերության ոլորտում համագործակցություն ծավալելուն առնչվող հարցեր:
Իրանագետը հայտնել էր, որ օգոստոսի 14-ին «Նորդուզ-Մեղրի» անցակետը համատեղ օգտագործելու մասին օրենքն ուժի մեջ է մտել. «Իրանի Սահմանադրության պահապան խորհուրդը ուսումնասիրել է Իրանի Մեջլիսում վերջերս հաստատված «Մեղրի-Նորդուզ սահմանային դարպասը համատեղ օգտագործելու մասին» օրինագիծը և հայտարարել, որ այն չի հակասում ԻԻՀ սահմանադրությանը»:
Հիշեցնենք, որ այսօր ԻԻՀ նախագահի խորհրդական, Առևտրական ազատ գոտիների համադրման խորհրդի քարտուղար Աքբար Թորքանը ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի հետ քննարկել են տարածաշրջանային զբոսաշրջության զարգացման հնարավորությունները, արդյունաբերության ոլորտում փոխգործակցությանը և համատեղ արդյունաբերական ձեռնարկությունների ստեղծման հեռանկարը, ինչպես նաև Հայաստանով դեպի՝ ԵԱՏՄ և այլ շուկաներ արտահանման հնարավորությունը, ինչպես նաև դեպի Սև ծով միջանցքը։
Հարակից հրապարակումներ`
- Ինքս ականատես եղա, որ բազմաթիվ իրանցի զբոսաշրջիկներ կան Երևանում. Իրանի նախագահի խորհրդական
- Իրանի խորհրդարանը հաստատել է «Մեղրի-Նորդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին» համաձայնագիրը
- «Մեղրի-Նորդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին» համաձայնագիրը՝ Իրանի կառավարության օրակարգում