Ինքս ականատես եղա, որ բազմաթիվ իրանցի զբոսաշրջիկներ կան Երևանում. Իրանի նախագահի խորհրդական
«Ես խիստ կարևորում եմ հայ-իրանական տնտեսական հարաբերությունների զարգացումը և այսօր մեծ սիրով կքննարկեմ առկա ներուժի իրացման հնարավորությունները»,- այս մասին նշել է Սուրեն Կարայանն՝ այսօր Իրանի Իսմալական Հանրապետության Նախագահի խորհրդական, Առևտրական ազատ գոտիների համադրման խորհրդի քարտուղար Աքբար Թորքանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։
Նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Աքբար Թորքանը նշել է, որ մտադիր են ծանոթանալ Հայաստանի զարգացման երկարաժամկետ ծրագրերին և քննարկել Հայաստան-Իրան տնտեսական համագործակցությունը։
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդգծել է, որ միջազգային փորձը վկայում է, որ ընդհանուր տնտեսական համագործակցության զարգացման շարժիչ ուժը կարող են լինել ազատ տնտեսական գոտիների միջև ակտիվ փոխգործակցությունը, այս դեպքում՝ Հայաստանի սահմանին ստեղծվող Մեղրիի և Իրանի սահմանին գտնվող Արազ ԱՏԳ-ները:
Նախարարի խոսքով՝ այն կարող է նաև Հայաստանի հարավի և Իրանի հյուսիսի տարածաշրջանների զարգացման ընդհանուր ծրագրի հիմքը դառնալ։
Նախարարը նշել է, որ մի շարք երկրների գործարարների և պաշտոնյաների կողմից արդեն իսկ կա մեծ հետաքրքրություն այս երկխոսության շուրջ։ Երկու կողմերի համոզմամբ՝ անհրաժեշտ է մշակել առավելագույն դյուրացված համագործակցության մեխանիզմներ, որպեսզի երկու ԱՏԳ-ները լինեն ոչ թե մրցակիցներ, այլ՝ գործընկերներ։ Հանդիպմանը ներկա Արազ և Մեղրի ազատ տնտեսական գոտիների տնօրեններին հանձնարարվել է այս ուղղությամբ հստակ առաջարկներ ձևավորել։
Նախարարը նաև ասել է, որ ԱՏԳ-ների փոխգործակցությունը նաև կնպաստի նաև զբոսաշրջության զարգացման համար:
Աքբար Թորքանի խոսքով՝ Հայաստանի Կառավարության և Իրանի դեսպանատան ջանքերի շնորհիվ իրականություն դարձած վիզային ռեժիմի չեղարկումը լուրջ խթան էր զբոսաշրջության զարգացման համար. «Ինքս ականատես եղա, որ բազմաթիվ իրանցի զբոսաշրջիկներ կան Երևանում, դա շատ ուրախալի է։ Այս ոլորտում լուրջ ձեռքբերումներ կարող ենք ունենալ։ Զբոսաշրջության ոլորտում համագործակցությունը բերում է նաև տնտեսական այլ ոլորտներում փոխգործակցության խորացման»։
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը ԻԻՀ նախագահի խորհրդականի հետ քննարկել է զբոասշրջության ոլորտում համագործակցության խթանումը, մասնավորապես «Հալալ» զբոսաշրջության զարգացումը Հայաստանում։
Կողմերն անդրադարձել են նաև արդյունաբերության ոլորտում փոխգործակցությանը և համատեղ արդյունաբերական ձեռնարկությունների ստեղծման հեռանկարին։ Քննարկվել է նաև Հայաստանով դեպի՝ ԵԱՏՄ և այլ շուկաներ արտահանման հնարավորությունը, ինչպես նաև դեպի Սև ծով միջանցքը։
Նախարար Սուրեն Կարայանի և Աքբար Թորքանի նախաձեռնությամբ ստեղծվել է երեք աշխատանքային խումբ՝ զբոսաշրջության, ազատ տնտեսական գոտիների և արդյունաբերության ոլորտներում երկու երկրների համագործակցության հնարավորությունները քննարկելու և գործնական առաջարկներ մշակելու նպատակով։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նախարարը պատվիրակության ղեկավարի հետ այցի ավարտին կամփոփի խմբերի աշխատանքների արդյունքները և կքննարկի կոնկրետ գործնական առաջարկները։