Տասնյակ տարիներ են անհրաժեշտ «Խոսրովի անտառը» վերականգնելու համար. բնապահպան
«Այսօր պարզվեց , որ հանրապետության 18 հատվածներում հրդեհներ են բռնկվել, որոնցից ամենածանրը մեզ համար «Խոսրովի անտառ» արգելոցինն էր»,-լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշեց բնապահպան Կարինե Դանիելյանը:
Նրա խոսքով՝ Խոսրովի արգելոցի նշանակությունը միայն ազգային ու տարածաշրջանային չէ, այլև միջազգային՝ իր կենսաբազմազանության առումով. «Հանրապետության բույսերի կեսից ավելին՝ 1800 բարձրակարգ բուսատեսակներ այնտեղ է: Թռչունների և կաթնասունների ամենահարուստ հավաքածուն ևս այնտեղ են, ինչպես նաև կենդանիների էնդեմիկ տեսակները՝ բևեռային այծն ու հայկական մուֆլոնը»:
Բնապահպանը հարց բարձրացրեց՝ ինչու՞ ենք մենք այդքան անպատրաստ նման վտանգներին. «Ասում էին անանցանելի է, ճանապարհ չկա, բայց դա նորմալ է, որ արգելոցում անանցանելի է ճանապարհը մեքենաների համար: Ինչու՞ մենք չունենք այն ավիացիան, որը մեզ անհրաժեշտ է այս պայմաններում: Մենք առհասարակ պատրաստ չենք այսօրվա այն էկոլոգիական վտանգներին, որն ամբողջ աշխարհում զարգանում է: Սա մեզ համար պետք է դաս լինի, որ մոլորակի վտանգները մեզ էլ են սպառնում»:
Ինչ վերաբերում է վնասների գնահատմանը՝ բնապահպանը նշեց, որ դրա մասին դեռ վաղ է խոսել, բայց ակնհայտ է, որ հրդեհը մեծ վնաս է հասցրել թե կենդանատեսակներին, թե բուսատեսակներին:
Կարինե Դանիելյանի խոսքով՝ դրանք վերականգնելու համար տասնյակ տարիների են հարկավոր. «Գիտեմ, որ վնասվել են գիհի ծառատեսակները: Վնասված կլինեն նաև այն մանր կենդանիները, որոնք հասցրած չեն լինի փախչել վտանգից»:
Լրագրողների հարցին, թե Հայաստանն ունի այդ ռեսուրսները վնասը վերականգնելու, բնապահպանը պատասխանեց. «Չեմ ուզում հոռետես լինել, կարծում եմ, որ ունի»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին