«Ելք»-ը շրջանառության մեջ է դնում «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը
«Այսօր շրջանառության մեջ կդնենք «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը»: Ֆեյսբուքյան իր էջում այս մասին տեղեկացնում է «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Նրա ներկայացմամբ, նախագծի նպատակն է բացառել այն դեպքերը, երբ ՔԿՀ-ները ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս տեսակցել ձերբակալված կամ կալանավորված այն անձանց, որոնց տեսակցությունների վրա նախաքնության մարմինը արգելք է դրել։
Ըստ Փաշինյանի, նման արգելքն ապօրինի է:
Նախագծի հիմնավորման մեջ ներկայացվում է առկա վիճակն ու առաջարկվող լուծումները.
«Ընթացիկ իրավիճակը և առկա խնդիրները
«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածը հստակ սահմանում է այն անձանց շրջանակը, ովքեր առանց հատուկ թույլտվության ձերբակալվածներին պահելու վայր և կալանավորվածներին պահելու վայր անարգել ելքի և մուտքի իրավունք ունեն և նման իրավունք վերապահված է նաև ԱԺ պատգամավորին։ Ու չնայած նույն օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ պարբերությունը սահմանում է, որ կալանավորված կամ ձերբակալված անձանց տեսակցությունները քննության շահերից ելնելով կարող են արգելվել վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, և ակնհայտ է, որ 48-րդ հոդվածով սահմանված են հենց նման դեպքեր, անձանց շրջանակ, որոնց հետ ձերբակալված կամ կալանավորված անձանց տեսակցությունները չի կարելի արգելել, որովհետև օրենքը նրանց օժտել է ձերբակալվածներին պահելու վայր և կալանավորվածներին պահելու վայր անարգել, այսինքն՝ առանց որևէ արգելքի մուտքի և ելքի իրավունքով, քրեկատարողական հիմնարկների վարչակազմերը հաճախ այլ կերպ են մեկնաբանում օրենքը և մասնավորապես արգելում են ԱԺ պատգաամավորների տեսակցությունները ձերբակալված կամ կալանավորված այն անձանց հետ, որոնց նկատմամբ տեսակցությունների արգելքի որոշում է կայացված նախաքննության մարմնի կողմից։ Սա հանգեցնում է ԱԺ պատգամավորի գործունեության արհեստական և ոչ իրավաչափ խոչընդոտների։
Առաջարկվող լուծումները
Նախագծով առաջարկվում է հստակեցնել իրավիճակը և արձանագրել, որ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածում նշված անձանց շփումը ձերբակալված կամ կալանավորված անձանց հետ որևէ պարագայում չի կարելի արգելել»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան