Ավարտվել է ուսանողին սպանելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է Երևանի կենտրոնում 18-ամյա Վ.Մուրադյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել բարձրագույն ուսումնական հաստատության առաջին կուրսի ուսանողի:
Հիշեցնենք, որ 18-ամյա երիտասարդի սպանության մասին ահազանգն ստացվել էր 2017թ. հունվարի 11-ին։
Նախաքննության տվյալներով՝ ուսանողների միջև վիճաբանությունն առաջացել է «դոդիկ» արտահայտության պատճառով, որի շուրջ պարզաբանումներ տալու համար, նախնական պայմանավորվածության համաձայն, կողմերը հանդիպել են Վարդանանց փողոցի թիվ 28 շենքի բակում։ Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում էլ 21-ամյա երիտասարդը իր մոտ գտնվող դանակով հարվածել է Ռ.Մարտիրոսյանին և Վ.Մուրադյանին, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից վերջինս մահացել է, իսկ նրա համակուրսեցին՝ Ռ.Մարտիրոսյանը, ստացել միջին ծանրության մարմնական վնասվածքներ։
Բարձրագույն ուսումնական հաստատության առաջին կուրսի ուսանող, 21-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 113-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: