Սիրիայի քրդական ուժերի կազմում կռվող հայ է զոհվել
Սիրիայում զոհվել է Նուբար Օզանյանը, ով Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (PYD) շարքերում էր:
«Էրմենիհաբեր»-ը գրում է, այդ մասին տեղեկացնում է թուրքական «Yenisafak» թերթի կայքը՝ նշելով, որ Օզանյանը «Թուրքիայի կոմունիստական կուսակցության» ղեկավարներից էր:
Ըստ աղբյուրի, Օզանյանը Սիրիայի Լաթաքիա շրջանում մի որոշ ժամանակ մարզել է Թուրքիայից Սիրիա անցած անձանց: Թուրքական աղբյուրի պնդմամբ՝ Նուբար Օզանյանը 1991-1992թթ մասնակցել է ղարաբաղյան պատերազմին՝ կռվելով հայկական ուժերի կազմում:
PYD-ն Սիրիայում պայքարում է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ և այդ պայքարի շրջանակներում ռազմական օգնություն է ստանում ԱՄՆ-ից:
Թուրքիան բազմիցս քննադատել է ԱՄՆ-ին քրդական կառույցին օժանդակելու համար, քանի որ PYD-ին նույնականացնում են «Քրդստանի բանվորական կուսակցության» (PKK) հետ՝ երկուսն էլ համարելով ահաբեկչական կառույց: