Չինացի ներդրողներին է ներկայացվել ՀՀ-ում ջերմոցային տնտեսությունների կառուցման նախագծեր
ՉԺՀ-ում Հայաստանի առևտրային ներկայացուցիչ Հրանտ Աբաջյանը նախօրեին Պեկինում՝ Չինաստանի մասնավոր հատվածի միջազգային առևտրային պալատի կենտրոնական գրասենյակում, չինացի գործարարներին և ներդրողներին է ներկայացրել Հայաստանի գործարար միջավայրը:
Տնտեսական զարգացման և ներդրումային նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մասնավորապես ներկայացվել են Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու և Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման ներդրումային ծրագրերը, նախագծեր վերականգնվող արևային, հողմային, գեոթերմալ և հիդրոէներգետիկայի ոլորտներում։ Մասնակիցների ուշադրությանն են ներկայացվել Հայաստանում ձկնաբուծության զարգացման և ջերմոցային տնտեսությունների կառուցման վերաբերյալ նախագծեր, պղնձաձուլարանի կառուցման և հանքարդյունաբերության ու արտադրության ոլորտի մի քանի այլ ծրագրեր։ Անդրադարձ է կատարվել նաև Մեղրու ազատ տնտեսական գոտու կառուցման ծրագրին։
Հանդիպմանը ներկա են եղել պետական և մասնավոր կառույցներից 40-ից ավելի մասնակիցներ:
«Ինտենսիվ աշխատանքներ են տարվում Հայաստանի տնտեսության, ներդրումային դաշտի և առհասարակ, երկրի վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվություն ներկայացնելու և ճանաչելիությունը բարձրացնելու ուղղությամբ: Հաճախակի անցկացվում են տարբեր ձևաչափերի միջոցառումներ, հանդիպումներ չինացի ձեռնարկատերերի, ներդրողների հետ, որպեսզի վերջիններս առավելապես տեղեկացված լինեն Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում առկա համագործակցության հնարավորությունների և ներդրումային ներուժի մասին»,- ավելացրել է Աբաջյանը: