Լևոն Արոնյանը Սենթ Լուիսի արագ շախմատի մրցաշարի միանձնյա հաղթողն է
Ավարտվել է Grand Chess Tour-ի 4-րդ փուլի Սենթ Լուիսի արագ շախմատի մրցաշարը։ Հայազգի գրոսմայստեր Լևոն Արոնյանը ևս մեկ ուրախանալու ու հպարտանալու առիթ տվեց՝ միանձնյա դառնալով հաղթող։ Գրում է Chess.am շախմատային կայքը:
Երեկ կայացած վերջին 3 տուրում նա առավելության է հասել Կարյակինի ու Դոմինգեսի նկատմամբ և ոչ ոքի է խաղացել Նակամուրայի հետ։
Արդյունքում՝ 12 միավորով (հաղթանակի համար տրվում է 2, ոչ ոքիի համար 1 միավոր) դարձել է մրցաշարի միանձնյա հաղթողը։ 2-3-րդ տեղերը 11 միավորով զբաղեցրել են Նակամուրան և Կարուանան։ Գարի Կասպարովը վերջին 3 տուրից 2-ում պարտվել է, իսկ մեկում խաղացել ոչ ոքի՝ ավարտելով մրցաշարը 7 միավորով և կիսելով 8-10-րդ տեղերը։
Այսօր արդեն մեկնարկելու է կայծակնային շախմատի մրցաշարը։ Այն տևելու է 2 օր և յուրաքանչյուր օր խաղացվելու է 9 տուր։
Խաղերին ուղիղ միացմամբ կարող եք հետևել 22։00-ից սկսած՝ այս հղումով: