Շարունակելու եմ մասնագիտական գործունեությունս կատարել ավելի մեծ պարտաճանաչությամբ. Պապիկյան
Փաստաբան Արայիկ Պապիկյանն իր և ընտանիքի անդամների հասցեին ստացել է սպառնալիքներ , հայհոյանքներ պարունակող նամակներ, որոնցով պահանջել են դադարեցնել որոշակի գործերով իր մասնագիտական գործունեությունը:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով այդ նամակներին՝ փաստաբանն ասաց. «Դիմում էի ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն։ Երեկ մամուլից տեղեկացա, որ այնտեղից ինձ արդեն պատասխանել են և հասկացրել, որ սխալ հասցեով եմ դիմել: Այստեղից ինձ համար պարզ դարձավ, որ նրանց համար կարևոր չէ եղել իմ կողմից բարձրացրած խնդիրը։ Տեղեկացա նաև որ, Գլխավոր դատախազությունը ստացել է համապատասխան դիմումներ և ոստիկանությանը հանձնարարություն է տվել, որտեղից ինձ հետ արդեն կապվել են։ Պայմանավորվել ենք, որ այսօր համապատասխան պաշտոնյաների հետ պետք է հանդիպենք»,-ասաց նա:
Պապիկյանի խոսքով՝ նամակներում առկա սպառնալիքները վերաբերում են «Սասնա ծռերի» կամ Սեֆիլյանի և մյուսների գործերով իր ներգրավվածությանը, քանի որ ինքը ակտիվ մասնագիտական աշխատանք կատարել է հենց այս երկու գործերի ընթացքում։
Փաստաբանը հայտնեց, որ նամակները ստացել է Էմմա Սահակյան անունով օգտատիրոջ ֆեյսբուքյան էջից, որը նրա խոսքով կեղծ էջ է. «Առաջին նամակը ստացել եմ մայիսի 11-ին, որին որևէ կերպ չեմ արձագանքել, իսկ արդեն օգոստոսի սկզբին, երբ երկրորդ նամակը ստացա՝ շատ «հարստացված» բովանդակությամբ, մտածեցի՝ իմաստ կա դիմելու պատկան մարմիններին։ Բայց իմ թերահավատությունը նրանց նկատմամբ հաստատվեց և գրեթե վստահ եմ, որ չի հայտնաբերվելու այդ անձը, որ կանգնած է այդ նամակներ ուղարկողի հետևում։ Նամակներում հիմնականում հայհոյանքներ են, որոնք չեմ կարող ընթերցել։ Ասում են՝ հերիք է մարդասպաններին պաշտպանես, հերիք է էդ հանցագործ տղերքին պաշտպանես»:
Ինչ վերաբերում է հետագա անելիքներին՝ փաստաբան Պապիկյանն ասաց, որ ինքը շարունակելու է իր մասնագիտական գործունեությունը կատարել ավելի մեծ պարտաճանաչությամբ ու ջանասիրաբար. «Ոչ այս նամակները, ոչ որևէ կարգապահական վարույթ, ոչ որևէ այլ տիպի միջամտություն ինձ չեն կարող ստիպել, որպեսզի ձեռնպահ մնամ իմ աշխատանքը կատարելուց։ Ես ու իմ ընտանիքի անդամները շարունակում ենք մեր բնականոն կյանքը»։
Լրագրողների հարցին, թե ու՞մ է տեսնում այդ կեղծ օգտատիրոջ հետևում, նա պատասխանեց. «Դժվարանում եմ ասել։ Թշնամիներ չունեմ ոչ գործի մեջ, ոչ անձնական կյանքում։ Որևէ մեկին չեմ կասկածել»։
Պապիկյանը հավելեց, որ ինքը չի ցանկանում իր և իր ընտանիքի անդամների նկատմամբ կիրառվի պաշտպանության միջոցներ։
Հարակից հրապարակումներ`
- Հանձնարարվել է նյութեր նախապատրաստել Պապիկյանի հասցեին սպառնալիքների մասին հայտարարությունների հիման վրա
- Արա Զոհրաբյանը իրավապահներին կոչ է արել ձեռնարկել Պապիկյանի պաշտպանության միջոցներ
- Փաստաբան Արայիկ Պապիկյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ
- Որտե՞ղ է իմ պաշտպանյալ Արայիկ Խանդոյանը. Փաստաբան
- Արայիկ Խանդոյանին ծեծել է մոտ 15 մարդ՝ հերթով. Արայիկ Պապիկյան
- Փաստաբան Պապիկյանը լքեց դատական նիստերի դահլիճը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին