Ասել, որ հրդեհը մարվեց միայն «ԻԼ 76»-ի շնորհիվ՝ ևս չափազանցություն է. փոխնախարար
«Օգոստոսի 10-ին Վայոց ձորի մարզի Արտավան համայնքի շրջակա տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքներն ամբողջովին ավարտվել են»,- այսօր կառավարության նիստի ժամանակ զեկուցել է ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Դավիթ Կարապետյանը՝ անդրադառնալով վերջին օրերին բռնկված խոշոր հրդեհների ժամանակ իրականացված հրդեհաշիջման աշխատանքներին և օպերատիվ իրավիճակին։
«Վայոց ձորում այրվել է շուրջ 15 կմ պարագծով խոտածածկ տարածք, որից 320 հեկտարը՝ անտառածածկ: Փորվել են բազմաշերտ խրամատներ՝ հրդեհի տարածումը բացառելու նպատակով: «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում օգոստոսի 12-ին բռնկված հրդեհի հիմնական օջախները մարվել են երեկ՝ օգոստոսի 16-ին: Պետք է նշել, որ մի քանի օր տևած հրդեհաշիջման աշխատանքներն անցնում էին չափազանց անբարենպաստ բնակլիմայական պայմաններում՝ լեռնային բարդ ռելիեֆ, տևական երաշտից չորացած խոտածածկ տարածքներ, հրդեհի արագ տարածմանը նպաստող քամիներ: Նախնական տվյալներով, Խոսրովի պետական արգելոցի տարածքում այրվել է 16 կմ պարագծով բուսածածկ տարածք, որից 360 հեկտարը՝ անտառներ»,- նշել է փոխնախարարը:
Նրա խոսքով՝ իրավիճակն ամբողջովին գտնվում է վերահսկողության տակ, ներկա պահին արգելոցում իրականացվում են հետմարման աշխատանքներ 2,5 կմ պարագծով և 3 կմ խորությամբ։
Ինչ վերաբերում է հրդեհների հետ կապված հանրային մեծ քննարկումներին, Կարապետյանն ասաց, որ. «Ավաղ, անտառային խոշոր հրդեհները լուրջ մարտահրավեր են անգամ աշխարհի ամենազարգացած պետությունների համար: Սա բնավ արդարացման համար չէ: Ինչպես յուրաքանչյուր խոշոր արտակարգ դեպքի ժամանակ, այնպես էլ այս հրդեհների վերաբերյալ ԱԻՆ-ում կիրականացվեն մանրակրկիտ ուսումնասիրություններ, կարվեն մասնագիտական հետևություններ՝ քաղված դասերը սերտելու, անտառային հրդեհների արձագանքելու կարողությունները զարգացնելու և անտառային հրդեհների կանխարգելման համար պատասխանատու այլ կառույցների հետ համատեղ նման աղետների ռիսկերը նվազեցնելու նպատակով»։
Կառավարության նիստից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, Դավիթ Կարապետյանն ասաց, որ ծրագրում են միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցել, ինչպես նաև պետական միջոցների հնարավոր հատկացումների դեպքում ձեռք բերել ավիացիա:
Անդրադառնալով ռուսական ինքնաթիռին, նա նշեց. «Ռուսական ինքնաթիռը բավական արդյունավետ և օգտակար գործունեություն կատարեց ու կատարում է, բայց ասել, որ հրդեհը մարվեց միայն «ԻԼ 76»-ի շնորհիվ՝ դա ևս չափազանցություն է։ Այստեղ դերակատարություն են ունեցել և ինքնաթիռը և ցամաքային ճանապարհով 100-ավոր աշխատողները։ Ասել, որ ձեռք բերենք մի ինքնաթիռ, և բոլոր ռիսկերը նվազեցված են, ոչ պրոֆեսիոնալ կլինի»,- նկատեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետը՝ հրդեհի մասին. Իրավիճակը մանրակրկիտ ուսումնասիրվելու է
- Խոսրովի արգելոցի հրդեհը չեզոքացվել է 13.5 կմ պարագծով
- Արտավանի հրդեհը մարվել է
- ԱԻՆ. Հնարավոր է «ԻԼ-76» ինքնաթիռն էլի հրդեհաշիջող թռիչքներ իրականացնի
- Նախագահի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն հրդեհների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի վերաբերյալ