Մենք շատ լավ համագործակցում ենք Հայաստանի հետ. ԻԻՀ նախագահի խորհրդական
«Վստահ եմ` մեր համագործակցությունը տնտեսական բնագավառում՝ հատկապես էներգետիկայի ասպարեզում կշարունակի զարգանալ, խորանալ և փոխշահավետ արդյունքներ կբերի թե՛ Հայաստանին, թե՛ Իրանին»,- այս մասին ասել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Աշոտ Մանուկյանն՝ այսօր ԻԻՀ նախագահի խորհրդական և ԻԻՀ ազատ առևտրի գոտիների գերագույն խորհրդի քարտուղար Աքբար Թորքանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։
Նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ զրուցակիցները քննարկել են էներգետիկ ոլորտում ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային համագործակցության հեռանկարները:
«Մենք շատ լավ համագործակցություն ունենք Հայաստանի հետ՝ գազի ու էլեկտրաէներգիայի ոլորտում և այն ընդլայնելու հնարավորություններ և ներուժ կան»,- նշել է Աքբար Թորքանը։
Աշոտ Մանուկյանը ներկայացրել է մինչև 2036 թ. Հայաստանի էներգետիկ ոլորտի զարգացման ռազմավարությունը՝ նշելով, որ այսօր ընթանում է Իրան-Հայաստան բարձրավոլտ երրորդ էլեկտրահաղորդման շինարարությունը: Դրա շնորհիվ Հայաստանից դեպի Իրան էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորությունը կհասնի 1050 ՄՎտ-ի։ Նախարարը կարևորել է նաև Հայաստան-Վրաստան նոր էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծի կառուցումը, որի համակցումը Հայաստան-Իրան բարձրավոլտ գծին հնարավորություն կտա Հայաստանը դարձնել էլեկտրաէներգիայի տարանցիկ երկիր Իրանի և Վրաստանի, ապա նաև Ռուսաստանի հետ։
Նախարարն անդրադարձել է նաև «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցման ծրագրին, որի կապակցությամբ արդեն կա Իրանի Էներգետիկայի նախարարության համաձայնությունը և փոխգործակցության համատեքստում այն կարելի է դիտարկել որպես էլեկտրաէներգիա գազի դիմաց ծրագրի բաղկացուցիչ մաս։ Այդ համատեքստում անդրադարձ է եղել նաև Երևան ՋԷԿ 2-րդ էներգաբլոկի կառուցմանը։
Անդրադառնալով Մեղրիում ազատ տնտեսական գոտու ստեղծմանը՝ Աշոտ Մանուկյանն ընդծել է. «Ազատ տնտեսական գոտու ստեղծումը ևս մեր օրակարգային հարցերից է։ Վստահ եմ` այն կդառնա Հայաստանի համար պատուհան դեպի Իրան, իսկ իրանցի գործարարաների համար՝ դեպի Եվրասիական տնտեսական համագործակցության 180 միլիոնանոց շուկա»։
Հարակից հրապարակումներ`
- Հանձնարարվել է ի կատար ածել «Մեղրի-Նորդուզ անցակետը համատեղ օգտագործելու մասին համաձայնագիրը». իրանագետ
- Ինքս ականատես եղա, որ բազմաթիվ իրանցի զբոսաշրջիկներ կան Երևանում. Իրանի նախագահի խորհրդական
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում