Գինու արտադրության ծավալներն աճել են, օղունը՝ նվազել. Ավագ Հարությունյան
«Գինու արտադրության ծավալների 30 տոկոսի աճ ունենք, կոնյակի՝ 61, իսկ օղու՝ 35 տոկոսի նվազում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց այս մասին հայտնեց Վերանվանված Գինու ազգային կենտրոնի ղեկավար Ավագ Հարությունյանը՝ ներկայացնելով այս տարվա առաջին կիսամյակի պաշտոնական ցուցանիշները։
Նրա խոսքով՝ կիսամյակային առումով դուրս ենք եկել ճգնաժամից։
«2013 թվականի համեմատ 1,5 տոկոսի աճ է եղել գինու, 7 տոկոսի աճ՝ կոնյակի և 10 տոկոս նվազում՝ օղու արտադրանքի առումով։ Գումարային աճ չունենք։ 2013 թվականի ցուցանիշներին դեռ չենք հասնի, 50 տոկոսի չափով աճի տեղ ունենք»,- ասաց Ավագ Հարությունյանը:
Գինու ազգային կենտրոնի ղեկավարի կարծիքով, հիմնական խնդիրը ռուսական շուկայի հետ կապված է. «Ռուբլու արժեզրկում և տնտեսական պատժամիջոցներ։ ՌԴ իշխանությունները ցանկանում են ամբողջական անցում կատարել ռուսական կոնյակին ու գինուն։ Պատժամիջոցները ստիպեցին արագացնել այս պրոցեսները։ ՌԴ ներմուծվող կոնյակը ստուգվում է արդեն։ Գլոբալ առումով Հայաստանին երկու կետ է ձեռնտու` կամ չլինեն այդ պատժամիջոցները, կամ շատ խիստ լինեն, քանի որ այդ դեպքում մենք կփնտրենք այլ շուկաներ։ Գինու-կոնյակի ընդամենը 1 տոկոս արտահանում ունենք ԱՄՆ»։